Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրը քաղաքական լուծում է պահանջում. ոստիկանական լուծումներն ավելի են սրելու իրավիճակը». «Հանրապետություն» կուսակցություն

Հուլիս 30,2016 19:27
Hanrapetutyun

№ 34, 30.07.2016թ.

Հայտարարություն

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդն արձանագրում է. «Հուլիսի 17-ից սկսված իրադարձությունները մշտական լարվածության մեջ են պահում ողջ հանրապետությունը արդեն երկու շաբաթ: Անցած գիշերվա դեպքերը ակնհայտ դարձրեցին, որ իշխանությունը չի տիրապետում իրավիճակին և անցել է բացահայտ բռնությունների, որոնց հետևանքները հարվածում են Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու հեղինակությանը:

Խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված ոստիկանական անհամաչափ ուժը, քաղաքացիական հագուստով ոստիկանների սադրիչ գործողությունները, իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների թիրախավորումը և նրանց նկատմամբ դաժան հաշվեհարդարը ապացույց են, որ իշխանությունն անցել է ստեղծված իրավիճակը ոստիկանության միջոցով հանգուցալուծելու մարտավարության, որը հակասում է օրենքներին ու տրամաբանությանը, դատապարտելի է ու չափազանց վտանգավոր թե՛ ՊՊԾ գնդում գտնվող զինյալների, թե՛ Խորենացի փողոցի բնակիչների, թե՛ խաղաղ ցուցարարների համար:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը դատապարտում է անհամաչափ ուժի և ակնհայտ բռնության դրսևորումները, պահանջում է ոստիկանական բաժիններ բերման ենթարկած քաղաքացիներին ազատ արձակել: Անթույլատրելի են առանց խիստ անհրաժեշտության քաղաքի կենտրոնում արցունքաբեր գազի, լուսաձայնային նռնակների կիրառությունը, ոչ մի բացատրություն չունեն ցուցարարների անխնա ծեծն ու բռնությունները լրագրողների նկատմամբ՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական պարտականությունների կատարմանը:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարում է, որ խնդիրը քաղաքական լուծում է պահանջում, բռնություններն անթույլատրելի են, ոստիկանական լուծումները ավելի են սրելու իրավիճակը և անդառնալի հետևանքներ կարող են ունենալ, որի միակ պատասխանատուն իշխանությունն է:

«Հանրապետություն» կուսակցությունը անհրաժեշտ է համարում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրելը, որի ընթացքում պետք է տրվի տեղի ունեցածի քաղաքական գնահատականը, ներկայացվեն մարդու իրավունքների ոտնահարման դեպքերն ու դրանց պատասխանատուները և միջոցներ ձեռնարկվեն հնարավոր արյունահեղությունը արագ կանխելու համար: Չի կարող խորհրդարանն անմասն մնալ քաղաքացիների կյանքն ու պետության կայունությունը վտանգող իրավիճակներում, անընդունելի են բացատրությունները, թե խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը չի ուզում սրել իրավիճակը:

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031