«Շտապ օգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանն Aravot.am֊ի հետ զրույցում ասաց,որ ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա Ծռեր» խմբի կողմից երկու օր պահվող երեք բուժաշխատողներից մեկը՝ Սալվադոր Խեչոյանը, երեկ դուրս է եկել գրավված տարածքից։ Ստեփանյանի պատմելով՝ «Սասնա Ծռեր» անդամներից երկու վիրավորների հարկավոր էր դուրս բերել դեպի շտապօգնության մեքենա, որն արդեն խմբի ոչ վերահսկելի տարածքում էր գտնվում։
Վիրավորներ Արմեն Լամբարյանին եւ Արթուր Մելքոնյանին շտապօգնության բժիշկ Սալվադոր Խեչոյանը տարածքից դուրս է հանել եւ չի վերադարձել։
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանն ու Արթուր Մելքոնյանն երեկ երեկոյան տեղափոխվել են «Էրեբունի» բուժկենտրոն, նրանք երկուսն էլ հրազենային վիրավորում են ստացել ոտքերի հատվածներում։
Հիմա գնդի գրաված տարածքում, ինչպես իրավապահ մարմիններն են ասում՝ որպես պատանդ, շտապօգնության բժիշկ Նորայր Թեւանյանն ու բուժքույր Մալինա Մարգարյանը։
Թե ինչպե՞ս է իրեն զգում Սալվադոր Խեչոյանը, արդյոք ահաբեկվա՞ծ է, մեր այս հարցին՝ շտապ օգնության տնօրենը պատասխանեց. «Դե, ինչպես պետք է լինի։ Խոսել եմ, բայց չեմ հարցրել այդ մասին։ Դուրս է եկել, գնում էր տուն»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ