Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. «Բռնության գործադրումն անընդունելի է» (Տեսանյութ)

Հուլիս 30,2016 17:20

Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն երեկ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք էր ներսուդուրս անում, տեսակցում էր ոստիկանների կողմից ծեծված ու նռնակների պայթյուններից վիրավորված քաղաքացիներին։ Մինչդեռ հենց հարազատներին քաղաքացիական հագուստով ոստիկաններն արգելում էին տեսակցել  իրենց տուժած երեխաներին, ընկերներին ու ազգականներին։

Երեկ հիվանդանոցում Aravot.am-ը Ֆարմանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ գնահատական կտա տեղի ունեցածին, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց, որ հիմա գնահատական տալու  ճիշտ պահը չէ․«Քննություն պետք է լինի, եւ այդ հարցերի պատասխանը պետք է համաչափ տրվի։ Բռնության գործադրումն անընդունելի է»։

Ֆարմանյանին հիշեցրինք՝ հենց հանրապետականներն են ասում՝ «Հայը հայի վրա չպետք է կրակի», ԱԺ պատգամավորն ասաց․«Ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց մեր ժողովրդին պատվաբեր չէ, Հայաստանի Հանրապետության որեւէ տեսակի շահերից չի բխում, մեր պետական հիմքերի ամրապնդման շահերից չի բխում այն, ինչ այս պահին մենք ունենք։

Իմ ցանկությունն է՝ օր առաջ խաղաղությունը վերատիրի,  կուտակված հարցերը լուծվեն բանակցությունների խաղաղ ճանապարհով։ Զենքի, բռնության կիրառումը,  կապ չունի ում կողմից՝ ոստիկանության, ցուցարարների կամ ապստամբների, կամ պատգամավորների, պետականությունն առաջ տանելու ճիշտ ճանապարհ չէ»։

Մեր այն հարցին՝ իսկ իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորը տեղյա՞կ է, ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռերի»  անդամների եւ իշխանությունների հետ դեռ գնո՞ւմ են բանակցություններ, ի՞նչ փուլում են, Ֆարմանյանն ասաց․«Հիմա ինձ հետաքրքրում է մի բան, հետեւել, հասկանալ ինչպիսին է վիրավոր քաղաքացիների վիճակը»։

Այսօր Ժիրայր Սեֆիլյանը կալանավայրից հայտարարություն է տարածել, ըստ որի բանակցությունները տապալված են, եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պնդում է՝ զենքը վայր դնելուց հետո հանդիպում կլինի Սեֆիլյանի հետ։ Սեֆիլյանն էլ պնդում է, որ ինքը նախ պետք է հանդիպի խմբի անդամների հետ․ «Նախ պետք է հանդիպեմ տղաներին, որից հետո միայն հանդիպեմ Սերժ Սարգսյանի հետ, որի արդյունքում միայն տղաները կարող են զենքը վայր դնել: Ես շարունակում եմ պնդել իմ այս դիրքորոշումը»:

Հիշեցնենք, որ արդեն 14֊րդ օրն է, ինչ մարդիկ բողոքի ցույցեր են անում Խորենացի փողոցում՝ ի պաշտպանություն «Սասնա Ծռերի» եւ  հանուն այն բանի, որ իշխանությունն առանց արյունահեղության խնդիրը լուծի։ Հիշեցնենք, որ այս ճգնաժամային օրերին քաղաքագետները, հանրությունը կոչ էին անում  Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ նիստ հրավիրելու  համար անհրաժեշտ 44  պատգամավորի ստորագրությունն այդպես  էլ չեղավ, խնդիրը խաղաղ ճանապարհով լուծման համար  չստորագրեցին հանրապետականներն ու այդ թվում նաեւ Ֆարմանյանը։

Պատգամավորն այս առնչությամբ ասաց. «Տեղի ունեցածի կամ տեղի ունեցողի վերաբերյալ մեզանից յուրաքանչյուրը ՝ պատգամավոր, լրագրող, թե պարզ քաղաքացի, ունի սեփական կարծիքը։  Ստեղծված իրավիճակում որոշ դեպքերում սեփական կարծիքի արտահայտումը կարող է որեւէ կերպ չօգնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը։  Օրակարգային թիվ մեկ եւ միակ խնդիրն այսօր իրավիճակի խաղաղ ու անարյուն հանգուցալուծումն է՝ բանակցային ճանապահով»։

Այսօր ԱԱԾ֊ն հայտարություն է տարածել, եւ նախազգուշացրել են, որ եթե խմբի անդամները չհանձնվեն, իրավապահ մարմինները կրակ են բացելու։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031