Երրորդ փորձից հաջողվեց ազատ տեղ գտնել մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված սրճարանում: ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ապրում է զուգահեռ իրականության մեջ:
Ինֆորմացիոն հոսքերում լողում ենք բոլորս, դժվար թե՝ մեր կամքին հակառակ: Կատարվում են իրադարձություններ, որոնց հետ ոմանք համաձայն չեն: Նորմալ է: Հայտնվում են մարդիկ, որոնք համաձայն չեն, որ ոմանք համաձայն չեն: Թերևս դա էլ է նորմալ: Հնչում են կարծիքներ: Հնչում են նաև կարծիքի իրավունքդ սահմանափակող կարծիքներ: Տրվում են «թույլտվություններ» ներսից կամ դրսից կարծիք արտահայտելու համար: Կոռեկտությունն անհետ չի կորել:
Ոմանք կիսվում են միայն պաշտոնական տեղեկատվությամբ: Չեն սադրում: Շատացել են իրենց փորձագետ հռչակած ստատուսչիները, որոնք փորձում են բութ գործիքով մեր ուղեղներում տեղավորել ԻՐԵՆՑ իրականությունը: Ոմանք վիճում են «մտավորական» բառի պատշաճ ուղղագրության թեմայով: Մյուսները սպասում են խոսքին, որը գործ է, կամ շարունակում են հավատալ, որ կփոխվի: Չէ որ հին ընկերները չեն դավաճանում: Երբեք, նույնիսկ իշխանության մաս կազմելու դեպքում:
Ամառ է: Շատերն արդեն մեկնել են հանգստանալու: Քնել են, բայց բերանը չեն փակել: Գուցե իրոք մտահոգ են, գուցե տրենդի մեջ մնալու խնդիր ունեն:
Դժգոհողի հայացքում ափսոսանքն ու ամոթը դեռ չեն նշմարվում: 10 հազարով ծախվելու ամոթը… Տեսանելի չէ նաև այն վստահությունը, որ մյուս անգամ չի ծախվելու…
Իրավական առումով անգրագետները կամ կիսագրագետները փորձում են գնահատականներ տալ, թե որ գործողությունն է իրավաչափ, որը ոչ: Ոստիկանությունն իր հերթին հղում է կատարում արտասահմանյան գործընկերներին՝ փաստելու, որ «ձեր ամերիկաներում» վիճակն ավելի լավը չէ: Ոստիկանն էլ նույնքան բիրտ է, գուցե ավելին…
Ցինիզմ կլինի՞ «Մի դատիր, որ չդատվես» խոսքերը հիշեցնելը: Առավել ևս որ դատելուց առաջ պետք է անձը հաստատես ու բերման ենթարկես…
Ցինիզմի պակաս էլ չի զգացվում, ի դեպ…
Ժողովուրդը բոլորս ենք: Ցուցարարը, որը դժգոհ է, ոստիկանը, որը «ցանկանում է» զսպել այդ դժգոհությունը, մի շարք ստեղնաշարավոր կենդանիները, որոնք փորձում են մատուցել միայն իրենց ձեռնտու դիրքորոշումը, բարոյականություն շահարկողները, որոնք ողջ այս քաոսից կարողացան առանձնացնել միայն Մագայի կերպարը….
Եվ նրանց «թվում» է, թե ամենն անում են ժողովրդի համար, ժողովրդի անունից…
«Էսօր ոնց որ էլի միտինգ կար», – համոզված հարցրեց տաքսիստը:
«Չգիտեմ, էդ կողմերը փորձել եմ շրջանցել», – պատասխանել սրճարանից տուն վերադարձող ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ:
Վահան ԶԱՔԱՐՅԱՆ
Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ի դոցենտ