Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամ, հայրիկին սպանե՞լ են, թե վիրավորել». ոստիկանները հորը ծեծել են երեխաների աչքի առաջ

Հուլիս 30,2016 15:38

Փաստաբան, Էրեբունի համայնքի բնակիչ Լիանա Մանուսաջյանն Aravot.am-ին պատմեց, որ գիշերը տեղի ունեցած միջադեպերի հետեւանքով ոստիկանների կողմից երեխաների եւ նրանց ծնողների հանդեպ բռնության մասին մի շարք ահազանգեր է ստացել: Ահազանգողներից մեկը 16 տարեկան է, որի տվյալները փաստաբանը հարկ համարեց չհրապարակել:

Նա պատմել է հետեւյալը. «Մենք պայթյունների տակ էինք, փախել-մտել ենք մեկի տուն, որ պաշտպանվենք: Մեր հեռախոսներն են խլում եւ կոտրում: Կողքի տան մեջ պայթուցիկ է նետվել, այդտեղի երկու երեխային եւ մորը օգնել եմ դուրս գան եւ մեկ այլ տուն մտնեն: Այդ երեխաները բղավում էին, լացում, մեկը մորը հարցրեց՝ «հայրիկին սպանե՞լ են, թե վիրավորել», որովհետեւ հորը ծեծել են երեխաների աչքի առաջ»:

Լիանան պատմեց, որ ահազանգող անչափահասը ցույցի մասնակից է եղել, իսկ ահա երեխաները, որոնց նա օգնել է, պայթուցիկի ընկնելու պահին իրենց տան բակում են եղել: Նրանք եւս վնասվածքներ են ստացել. «Պատմեց, որ երեխաներ վազել են այս ու այն կողմ, փորձել տներ մտնել, մայրերն էլ վազել են նրանց հետեւից եւ եւս ծեծի ենթարկվել: Քաղաքացիներին ծեծողները եղել են թե համազգեստով, թե քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք մահակներով հարվածել են: Ասացի, որ նկարի, որպեսզի ապացույց ունենանք: Փորձել է նկարել, բայց նկատել են եւ կոտրել տեսախցիկները»:

Լիանա Մանուսաջյանն ընդգծեց, որ «Երեխաների իրավունքների մասին» միջազգային կոնվենցիայի համաձայն` անգամ ցույցերի ժամանակ ոստիկանը կամ պետական պաշտոնյան իրավունք չունեն կատարել այնպիսի գործողություններ, որոնք վնաս կպատճառեն երեխայի ֆիզիկական առողջությանը: Փաստաբանը նկատեց, որ տուժած երեխաները միայն ֆիզիկական առողջության խնդիրներ չէ, որ ունեն, քանի որ տեսել են` ինչպես են ծեծում իրենց ընտանիքի անդամներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031