Արդեն որերորդ օրն է Արցախում մեծ անհանգստությամբ հետեւում ենք Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում ծավալվող իրադարձություններին: Մեզ համար խորապես մտահոգիչ են վերջին օրերի զարգացումները, որոնք վտանգում են ներքին կայունությունն ու քաղաքացիական համերաշխությունը:
ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերն անվերապահորեն դատապարտում են պետականության հիմքերը խարխլող բռնության ցանկացած դրսևորում և կոչ են անում զսպվածություն ցուցաբերել ու ձեռնպահ մնալ այնպիսի ծայրահեղ քայլերից, որոնք վնաս են հասցնում երկրի պաշտպանունակությանն ու անվտանգությանը:
Հայության համար բախտորոշ այս փուլում մենք իրավունք չունենք ստեղծելու ներքին լարվածության օջախներ: Առկա խնդիրներն ուժային ճանապարհով լուծելու փորձերը պառակտում են մեր ժողովրդին, արտաքին լուրջ մարտահրավերների պարագայում շեղում մեր հավաքական զգոնությունը՝ թուլացնելով այն ներքին անկայունության փորձություններով, իսկ դա չի կարող բացասաբար չազդել Հայրենիքի սահմանները խիզախորեն հսկող մեր ժողովրդի զավակների տրամադրության վրա:
Համոզված ենք, որ բանակցությունների ճանապարհով հնարավոր կլինի խուսափել արյունահեղությունից: Զինված խմբի անդամներին կոչ ենք անում ցած դնել զենքը եւ խնդրի հանգուցալուծումը տեղափոխել սահմանադրական դաշտ ու օրենսդրության շրջանակներ:
Կարդացեք նաև
Մենք դիմում եւ ապավինում ենք մեր ժողովրդի խոհեմությանն ու ինքնապահպանման բարձր զգացողությանը՝ կանխելու զարգացումների հետագա սրացումը, որի հետևանքները կարող են շատ թանկ արժենալ ներկա և ապագա սերունդների համար:
«Ազատ Հայրենիք» կուսակցություն
«Հայ Հեղափոխական դաշնակցություն»
Արցախի ժողովրդավարական կուսակցություն
«Շարժում-88» կուսակցություն
30 հուլիսի, 2016թ.
ք. Ստեփանակերտ
դուք ձեր պետությամբ զբաղվեք ու մի միջամտեք մեր պետության ներքին գործերին