Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատը զորակցություն է հայտնում լրագրողական համայնքին

Հուլիս 30,2016 13:27

Տեսանյութերից և լրագրողների ու այլ անձանց հայտարարություններից պարզվում են, որ վերջին օրերին, մարդկանց հավաքների հետ կապված, քաղաքացիների, այդ թվում՝ մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ, որոշ ոստիկանների կողմից կիրառվել են ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ։

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը թույլ է տալիս ոստիկանությանը իրականացնել հարկադրանքի բնույթի լիազորություններ, եթե դրանց իրականացումն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պիտանի են, անհրաժեշտ և չափավոր: Իզուր չէ, որ միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ կարևորվում են անհրաժեշտության և համաչափության սկզբունքները։

Հարկադրանքի լիազորություն ունեցող պաշտոնատար անձինք միայն այս սկզբունքներով ղեկավարվելիս կարող են ժողովրդի մոտ ձևավորել և պահպանել արդարության զգացումը։ Այս սկզբունքները խախտելու դեպքում, անկախ նրանից, թե ինչ «վեհ» նպատակներով են դրանք խախտվել (օրինակ՝ քաղաքացու կյանքի համար վտանգավոր է ՊՊԾ գնդի մոտ գտնվելը և այդ «շահի» համար նրան պետք է «հիմնավոր» վախեցնել, որ այլևս չվերադառնա), հասարակության մոտ առաջանում են անարդարության, անպաշտպան լինելու, անվստահության և ատելության զգացումներ։ Եվ հաշվի առնելով ապրիլյան քառօրյա դեպքերի համատեքստում դրսևորված մեր հասարակության համարձակ կեցվածքը, թվարկված բացասական զգացումները մարդկանց մղում են առավել ակտիվ գործողությունների։

Ամփոփելով վերոգրյալը, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը՝

-դատապարտում է՝ հարկադրական բնույթի լիազորություններ կիրառելիս պիտանիության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքները խախտած ոստիկանների գործողությունները, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու գործողությունները,

– կոչ է անում պատկան մարմիններին՝ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի և հրապարակային ուսումնասիրել ֆիզիկական ուժ և հարկադրանքի միջոցներ կիրառած ոստիկանների արարքները և մեղավոր անձանց ենթարկել պատասխանատվության,

– զորակցություն է հայտնում լրագրողական համայնքին։

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031