Ի պատասխան «Առավոտ» օրաթերթում 28.07.2016 թ.-ին տպագրված՝ «Ռուսաստանում էլ են հայերին բերման ենթարկում» հոդվածի, հայտարարում ենք, որ հայերին բերման ենթարկելու ոչ մի փաստ Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանում չկա: Համոզված կարող ենք ասել, որ Կուրսկի շրջանի հայկական համայնքը առաջինն է, ուր կահազանգեին մեր հայրենակիցները: Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանի Ներքին գործերի վարչությունից մեզ տեղեկացրին, որ ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ անօրինական ոչ մի գործողություններ չեն կատարվել: Հայ ազգաբնակչության կողմից ոչ մի նման բողոք-դիմում իրավապահ մարմինները չեն ստացել:
Այո, իրավապահ մարմինները կարող էին ստուգել քաղաքացիների, հյուրերի փաստաթղթերը, ինչը նորմալ եւ օրինական բնույթ է կրում:
Կուրսկի շրջանում մոտավորապես 15 հազար հայ է բնակվում, եւ բոլոր նրանք, որոնք ունենում են ե՛ւ հոգեբանական, ե՛ւ իրավաբանական օգնության կարիք, դիմելու դեպքում ստանում են: Մենք բավականին ակտիվ կերպով վերահսկում ենք իրադրությունը Կուրսկի շրջանում, որտեղ հայեր են բնակվում, եւ ամեն շրջանում ինչ որ տեղի է ունենում` մենք տեղյակ ենք լինում եւ անհրաժեշտության դեպքում աջակցություն ենք ցուցաբերում:
Կուրսկում գործում են Ալեքսան Կոշտոյանի, Կուրսկի շրջանի հայկական համայնքի առաջին նախագահի անվամբ հայկական կիրակնօրյա դպրոց, պարի խմբակներ: Հայ երեխաները հաճախակի ներկայացնում են հայկական մշակույթը ոչ միայն Կուրսկի շրջանի բեմերում, այլ նաեւ Ռուսաստանի Դաշնության մյուս շրջաններում:
Կուրսկում հայկական համայնքի նախաձեռնությամբ բացվել է ռուս-հայկական բարեկամության պուրակ, որտեղ տեղադրված է ձեռքսեղմումը խորհրդանշող արձան` ի նշան ռուս-հայկական բարեկամության:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՂԱԶԱՐՅԱՆ
Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանի հայկական համայնքի ղեկավարի օգնական
«Առավոտ»
30.07.2016