Գիշերը բերման ենթարկված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է, նրա դեմ հարուցվել է քրեական գործ` զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրա եղբայրը` Աշոտ Մարտիրոսյանը:
Նա ներկայացրեց միջադեպը, որի ժամանակ բերման են ենթարկել Արմեն Մարտիրոսյանին. «Աշոտ Կարապետյանի եւ Լեւոն Երանոսյանի հետ բանակցությունների ժամանակ իրան միանգամից տարան ոստիկանական պատնեշից այն կողմ, եւ սկսվեցին կրակոցներն ու ոստիկանները հարձակվեցին ժողովրդի վրա»:
Աշոտ Մարտիրոսյանի տեղեկացմամբ` գիշերը Արմեն Մարտիրոսյանին տեղափոխել են Ոստիկանության Նորքի բաժին եւ առավոտյան ժամը 5-ին հարուցել քրեական գործը: Այժմ նա ժամանակավոր ձերբակալվածների պահման վայրում է: Մեր զրուցակցի տեղեկություններով` այս ընթացքում «Ժառանգության» փոխնախագահի հանդեպ խոշտանգումներ չեն եղել: Այս պահին սննդի հարցն են փորձում կարգավորել: Արմեն Մարտիրոսյանի փաստաբանն է Գիվի Հովհաննիսյանը, որին, Աշոտ Մարտիրոսյանի փոխանցմամբ, սկզբում չեն թույլատրել տեսակցել իր պաշտպանյալին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հ.Գ. ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ բերման ենթարկված 165 քաղաքացիներից 26-ը ձերբակալվել են, մյուսներն ազատ են արձակվել: Ոստիկանությունը հրաժարվում է ձերբակալվածների անուններ հրապարակել` ասելով` դա կանի Քննչական կոմիտեն. «Քրեական գործի շրջանակներում են ձերբակալվել»: