Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ` «ռեակցիա»

Հուլիս 30,2016 10:00

Սովորաբար հեղափոխությունների պարտությունից հետո սկսվում է «ռեակցիա», իսկ հեղափոխության հաղթանակից հետո սկսվում է «տեռոր»: Երկու եզրերն էլ այստեղ պատմագիտական են, ոչ թե իրավական: Առաջին դեպքում իշխանությունը բանտ է նետում իր բոլոր վտանգավոր հակառակորդներին, սահմանափակում է խոսքի եւ հավաքների ազատությունների այն մակարդակը, որը կար մինչ հեղափոխության փորձը: Մի խոսքով՝ ձգում է պտուտակները` մտավախություն ունենալով, որ դեպքերը կրկնվելու են, իսկ հեղափոխականներն այդ իրադարձության, այսպես ասած, «զոհը» լինելով՝ ձեռք են բերելու նոր համակիրներ:

Հակառակը՝ հեղափոխության հաղթանակից հետո հայտնվում է Ռոբեսպիերի կամ Ֆելիքս Էդմունդովիչի նման մի անձնավորություն, որը վրեժ է լուծում բոլոր նրանցից, ովքեր լոյալ չէին հեղափոխականների նկատմամբ եւ, իր կարծիքով, չէին պայքարում «ռեժիմի» դեմ: Սովորաբար նման «լյուստրացիայի» են ենթարկվում մտավորականները, որոնց համար «ամեն գնով» ձեռք բերված համընդհանուր երջանկությունը այնքան էլ մեծ երջանկություն չէ: Հիմա արդեն կարդում ենք «քաջասիրտ ֆեյսբուքցիների» հոխորտանքները, թե` տեսեք, ինչ ենք անելու ձեզ հետ, երբ հաղթենք (որպես կանոն, նման սպառնալիքներ հնչեցնում են նրանք, ովքեր վաղուց արդեն Հայաստանում չեն):

Ո՞րն է դրանցից ավելի լավը: Բնականաբար, երկուսն էլ հավասարապես վատն են: Հայաստանում 25 տարվա ընթացքում մենք այդ ամենը մի քանի անգամ անցել ենք: Իհարկե, մեզանում առ այսօր հաղթում է «ռեակցիան»: Բայց եթե այս անգամ, ենթադրենք, հակառակը լինի, չեմ կարծում, որ դա դրական առումով շատ կհարստացնի մեր պատմական փորձը:

Սակայն դա զուտ տեսական տարբերակ է, որովհետեւ այս անգամ էլ, ըստ երեւույթին, հաղթելու է «ռեակցիան»: Դժվար է ավելի «ռեակցիոն» բան պատկերացնել, քան քաղաքացիական հագուստով ոստիկանների (կամ ո՞վ գիտի` գուցե քրեականների) հարձակումը ցուցարարների վրա կամ թիրախավորված հարձակումը լրագրողների եւ նրանց տեխնիկայի վրա` նրանց աշխատանքը խոչընդոտելու համար: Շեշտեմ, ես կասկածի տակ չեմ առնում ոստիկանության իրավունքը` թույլ չտալ, որ ցուցարարները մտնեն ՊՊԾ տարածք: Բայց այն, ինչ երեկ երեկոյան արվեց, դա պատժիչ գործողություն էր, ոչ թե ոստիկանական օպերացիա:

Գործողություն, որն իրականացվեց հատուկ սադիզմով եւ խուժանական ոճով` գուցեեւ նախորդ իրադարձությունների համար վրեժ լուծելու նպատակով, ինչն, իհարկե, նույնպես չի կարող լինել իրավապահների գործառույթը:

Այսքանով հանդերձ՝ ես դարձյալ կարծում եմ, որ ելքը խաղաղ, բայց կազմակերպված եւ ակտիվ պայքարն է, ծայրահեղություններից խուսափելը, պիտակներ չկպցնելը: Եվ, պատկերացրեք, իրար սիրելը:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    ՞՞Ռեակցիան՞՛ մերն է, մենք էլ՝ նրանը
    Կապված ենք ասես նրա դռանը
    Հավքը՝ իր թևով, օձը՝ իր պորտով
    Չի կարող անցնել մեր Սերժի մոտով:
    .
    Նա իմաստուն է, և նույնիսկ բարի
    Առաջ է տանում երկիրը քարի
    Ճիշտ է՝ ոմանք դա անվանում են հետ
    Բայց հետո գնում, կորչում են անհետ:
    .
    Իսկ նա անմահ է, ինչպես Կաշշեյը
    Զի հավատամքն է՝ շախշեյ-վախշեյը
    Մշակում է նա իր հյուծված ազգին
    Ապավինելով օտարի բազկին:
    .
    Փյունիկի նման հառնում է նորից
    Պարտություններից ու խղճի քորից
    Տոկոս է խփում ու մեզ մատուցում
    Ավազի վրա երկիր կառուցում:
    .
    Իսկ մենք հպարտ ենք, երջանիկ անհուն
    Զի մեր Գուրուին միշտ դամ ենք պահում:
    Իսկ դո՛ւք, ըմբոստներ, նիրհից արթնացեք
    Խորունկ սյունակս ուշիմ կարդացեք:
    .
    Դարձեք հանդուրժող, հիմնականում հեզ
    Խնդիր մի ստեղծեք ոչ ձեզ, ոչ էլ մեզ
    Կյանքը կդառնա գտնված երազ
    Կիրականան անուրջ ու մուրազ:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Վենտիլները փակելու հրաման ե՞ք ստացել:
    Ինչո՞ւ հեռացրիք մեկնաբանությունս, հայհոյա՞նք էր պարունակում:

    • Ի՞նչ մեկնաբանություն է հեռացվել: Եթե վիրավորանք չի լինում՝ հրապարակվում է: Այն, որ մի քիչ կարող է ուշանալ հրապարակումը՝ առիթ մի դարձրեք խոսքի ազատության «հալածյալ» ներկայանալու համար: Կարելի էր պատկերացնել, թե ինչ ռեժիմով ենք աշխատում՝ ոչ միշտ է հաջողվում մեկնաբանություններն արագ հրապարակել:

      • Մարգար Մախսուդյան says:

        Հարգելիներ, ես այս հարցը մեկ անգամ էլ եմ բարձրացրել: Խոսքը առաքված մեկնաբանության կարգավիճակի մասին է: Քանի դեռ այն գտնվում է ՛՛Ձեր մեկնաբանությունը գտնվում է /կարծեմ / ստուգման փուլում՛՛, կամ դրա նման ինչ որ բան՝ ես համարում եմ, որ այն հեռացված չէ և այսպես ասած՝ չեմ վրդովվում: / 🙂 / , սակայն երբ մեկնաբանությունն ամբողջությամբ անհետանում է կայքից, ես համարում եմ, որ այն որևէ մեկի թեթև ձեռքով ՛՛զնդան է նետվել՛՛
        Մեկնաբանության հեռացված լինելու կանխատեսելիության մասին, որպես խնդիր, կարծեմ՝ մեկ-երկու ամիս առաջ, գրել եմ Արամ Աբրահամյանին, որն ընդունեց այն և խոստացավ լուծում տալ:
        Հնարավոր է, որ մեկնաբանությաուն հեռացնելու իրավուսություն ունեցող աշխատակիցների հարց կա, սակայն շատ ավելի հավանական է, որ երկրի առջև ծառացած խնդիրներն այնքան շատ են, որ հերթը դրան չի հասել:

      • eeh says:

        Էն ձել «դեժա վյու» հոդվածի պատասխանս ինչու՞ չհրապարակեցիք։ Վիրավորվեցիք, որ ամոթանք էի տվե՞լ։

        • Ես չեմ վիրավորվում «ֆեյք»-երից, որոնք անգամ իրենց անուն ազգանունով հանդես գալու համարձակությունը չունենալով՝ այլոց դասեր են տալիս: Այդ հոդվածի այլ քննադատություններ հրապարակվել են, սակայն այդ մեկը վիրավորանք էր պարունակում: Մինչդեռ մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու կանոններից է՝ «Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա»:

          Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/%d5%b0%d6%80%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80/

          © 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Մարգար ջան, որ խնդիր լինի, Աննային դիմեք:

  3. henri says:

    Այս ընթացքով սփիւռքն ալ զգոյշ պէտք է ըլլայ – ասոնք կու գան /սովետական մեթոտներով/ սփիւռքի այլախոհներն ալ տուներէն և փողոցներէն բերման կ`ենթարկեն…ինչու չէ ?

  4. Լավատես says:

    Վերջապես, եթե դառնալու ենք խորհրդարանական երկիր, պետք է սովորենք խնդիրները լուծել օրենքների լեզվով, ո՞ւր են այսօրվա բարդ խնդիրները լուծող օրենքները, օրենքի բացակայությունը անօրինականություն է ծնում, կարծում եմ հիմնական թշնամին դրսից է, որին կարող ենք արդյունավետ ու օրինական դիմակայել միայն օրենքի ուժով:

  5. Կարո Մելիքյան says:

    «Ռեակցիայի» դեպքում իշխանությունը բանտ է նետում իր բոլոր վտանգավոր հակառակորդներին»-…մեր դեպքում ՝ժողովրդի մեծամասնությունը ենթակա է պատիժ կրելուն,միայն,մի սփոփանք է հուսադրում,որ բոլորին բանտախցով չեն կարող ապահովել…

  6. Մեսրոպ Թումանյան says:

    «Դժվար է ավելի «ռեակցիոն» բան պատկերացնել, քան քաղաքացիական հագուստով ոստիկանների (կամ ո՞վ գիտի` գուցե քրեականների) հարձակումը ցուցարարների վրա կամ թիրախավորված հարձակումը լրագրողների եւ նրանց տեխնիկայի վրա` նրանց աշխատանքը խոչընդոտելու համար»:

    Իմ կարծիքով քրեականները: Նրանք այսօրվա ռեժիմի բաղկացուցիչ մասն են: Կարծում եմ, որ նրանք իշխանություն ունեն ուժային բոլոր կառույցներում: Բանակն էլ նրանց ոլորտներից է:
    Մեր բանակում նրանց դերի ու կատարած հանցագործությունների մասին կարող է պատմել ծառայած յուրաքանչյուր զինվոր: Ինձ համար շատ զարմանալի է, որ մինչև այժմ բանակում կատարված ու կատարվող տնտեսական հանցագործությունները դուրս են մնացել լրագրողների տեսադաշտից: Բազմաթիվ զինվորականներ մեծ հարստության տեր են դարձել: Մանավանդ ապրիլյան պատերազմից հետո ես սպասում էի լուրջ բացահայտումների:

  7. Լավատես says:

    Ամեն ինչ համեմատությամբ կարելի է գնահատել: Եթե արյունահեղություն լիներ ու ՝՝հաղթեր՝՝ կառավարությունը, դրան կհետեւեր ամենամեծ արտագաղթը, իսկ եթե կառավարությունը միավորվեր ապստամբների ու ժողովրդի հետ, ապա անխուսափելի կլինեին բոլոր երեքի դեմ ահաբեկչական գործողություններ վերպետական քոչվոր կառույցների կողմից, որոնք իրենց ներկայացուցիչներն ունեն ցանկացած պետության ուժային, օրենսդիր թե դրամատնտեսական ծառայություններում: Լավագույն տարբերակը այն էր, ինչը եղավ, ափսոս որ երկու զոհ ու վիրավորներ եղան:
    Կառավարությունը երկու քարի արանքում է գտնվում՝ մեկը Ներպետական կազմակերպված հանցագործ աշխարհն է, որը հսկայական կաշառքներով թունավորում է կառավարությունը ներսից, մյուսը՝ Վերպետական կազմակերպված հանցագործ աշխարհն է, որը նույնպես հսկայական կաշառքներ է տալիս վարկերի տեսքով՝ հարստացնելով անհատներին ու պարտքի տակ գցելով ժողովրդի ներկան ու ապագան, դրանք էլ թունավորում են դրսից:
    Լուծումը՝ կամ պետք է ընդունենք նրանց խաղի կանոններն ու նրանցից լավ խաղանք ու հաղթենք, կամ էլ նրանց վզին պետք է փաթաթել մեր խաղի կանոնները ու ստիպել նրանց պարտվել: Նրանց կանոնը՝ պաշտոն, ուժ ու հարստություն տալ ոչ տեղաբնիկներին ու հակամարտություն գցել նրանց ու տեղաբնիկների միջեւ, իսկ մեր կանոնը պետք է լինի հակառակը՝ տեղաբնիկներն իրենք են իրենց միջից լավագույնին առաջ տանում, լավագույներն էլ իրենցից լավագույնին երկրի նախագահ ու պատգամավոր դարձնում: Մարդ ինչքան էլ վատը լինի, ոչ իր երեխայի բերնից հացը կկտրի, ոչ էլ իր համագյուղացուց կամ համաքաղաքացուց, իսկ ոչտեղաբնիկ դրածոն հազար ու մի պատճառ կգտնի արդարացնելու իր ուրիշին ծառայելը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031