Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի մոտ այս պահին բազմամարդ է: Խորենացի եւ Սարի թաղի փողոցներում ոստիկանների արձակած լուսաձայնային նռնակներից, ճայթուկներից տուժած քաղաքացիների հարազատներին թույլ չեն տալիս ներս մտնել եւ տեսակցել իրենց հարազատներին: Արգելողներից են նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկանները:
Պայթյուններից տուժած Նարինե Փիլոյանի ծնողները ստիպված աղմուկ բարձրացրին, որպեսզի իրենց դստեր մասին մի լուր իմանան: Նարինեն մորը փոխանցեց, որ այրվածքներ ունի եւ, հավանաբար, իրեն կտեղափոխեն այլ հիվանդանոց: Մոր խնդրանքը՝ թույլ տալ տեսակցել աղջկան, ոստիկանները մերժեցին:
Կարդացեք նաև
Այստեղ են նաեւ 17-ամյա Սայաթ Հարությունյանի հարազատները՝ քույրերը, որոնք շոկային վիճակում են: Այդ պայթունների ընթացքում վնասվել է Սայաթի աչքը, ընդ որում, քույրերը պատմում են, որ Սայաթը դուրս էր եկել Սարի թաղ՝ հորեղբոր տուն գնալու համար:
Այստեղ են նաեւ Դավիթ Սանասարյանի ծնողները, նրանց եւս թույլ չեն տալիս ներս մտնել՝ որդուն տեսակցելու:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ