Լրահոս
Օրվա լրահոսը

Փամփուշտի արտադրության գործը Վազգեն Սարգսյանի մահվանից հետո էլ դեռ օրակարգում է

Հուլիս 30,2016 15:00

Ավետիք Օհանյանը հայցով դիմել էր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ուր դատավոր Արա Կուբանյանի նախագահությամբ վերջերս լսվել եւ ավարտվել է «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲ ընկերության, ՀՀ պաշտպանության նախարարության դեմ հայցի քննությունը:

Հայցվոր Ա. Օհանյանը պահանջում էր 76.000.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսների, «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲ ընկերությունից էլ բռնագանձել 1995-2005թթ. ընկած ժամանակահատվածում փամփուշտների արտադրությունից ստացված օգուտների իրեն հասանելիք մասնաբաժինը:

Նախկին դաշնակցական Ավիկ Օհանյանի մասին անդրադարձել ենք մի քանի անգամ:
Նրա պահանջը կար այն ժամանակ, երբ Վազգեն Մանուկյանը, ապա՝ Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանն էին Հայաստանի պաշտպանության նախարարը, երբ նրա «բարաթը» պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի տված գրությունն էր: Սակայն Ա. Օհանյանի հարցը մնաց չլուծված, մնաց պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանի վրա:

Ի՞նչ է կատարվել 1993-1995թթ.-ին:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համաձայնությամբ եւ հայցվոր Ավիկ՝ Ավետիք Օհանյանի նախաձեռնությամբ, ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ Ղրղըզստանի Հանրապետությունից եւ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել եւ «Նեյտրոն» գիտաարտադրական միավորումում տեղադրվել եւ գործարկվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգների համար նախատեսված փամփուշտների արտադրության պրոֆեսոր Կոշկինի ռոտորային հոսքագիծը:

Ավիկ Օհանյանի կողմից այդ զործի կազմակերպման եւ իրականացման համար անձնական միջոցներից ծախսվում է 46.000 ԱՄՆ դոլար, որից 10.000 ԱՄՆ դոլարը 1995թ. եւ 2005թ. փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից: Երբ Ավիկն իր միջոցներն է հետագայում պահանջել, ամեն անգամ ասել են՝ գումարը կտան, իսկ այդ ժամանակահատվածում նա զրկվել է բնակարանից, հիմա էլ հայտնվել է ծանր սոցիալական վիճակում:

Հայցվորի ներկայացուցիչ, ճանաչված փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատարանում հայտնել էր. «Ավետիք Օհանյանը 1992թ.-ին ընդունվել է աշխատանքի ՀՀ արդյունաբերության նախարարության հատուկ ծրագրերի վարչությունում, որպես գլխավոր մասնագետ: Փամփուշտի արտադրության նպատակով հոսքագծի համակարգ ձեռք բերելու համար իմ վստահորդի կողմից անձնական միջոցների հաշվին կատարվել են բազմաթիվ ծախսեր, որոնք չեն հատուցվել: Ա. Օհանյանը բազմիցս դիմել է պատկան մարմիններին՝ փոխհատուցում ստանալու խնդրանքով, սակայն ապարդյուն»:

Ի դեպ, հիշեցնեմ, որ մերժման պատճառաբանություններից մեկն էլ ժամանակին այն էր, թե ՀՀ արդյունաբերության նախարարություն, որպես այդպիսին՝ չկա:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նաեւ հայտնել էր, թե «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲ ընկերությունում 1995-2005թթ. ընկած ժամանակահատվածում փամփուշտ է արտադրվել, սակայն Ա. Օհանյանին հասցեագրված պատասխաններում առաջարկվել է դիմել դատարան՝ վնասի, բաց թողնված օգուտի հատուցման պահանջով:
Սա այն դեպքում, երբ սահմանների պաշտպանության օրհասական օրերին Ավետիք Օհանյանն իր անձնական միջոցներից ծախսել է 46.000 ԱՄՆ դոլար գումար:
Հայցվոր կողմը խնդրել էր ընդամենը. ճանաչել այն փաստը, որ 1993-1995թթ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համաձայնությամբ եւ հայցվոր Ավետիք Օհանյանի նախաձեռնությամբ, ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ Ղրղըզստանի Հանրապետությունից եւ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել եւ «Նեյտրոն» գիտաարտադրական միավորումում տեղադրվել եւ գործարկվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգների համար նախատեսված փամփուշտների արտադրության նշյալ հոսքագիծը, ինչպես նաեւ այն, որ ծախսվել է հայցվորի անձնական գումարներից:

Պատասխանող ճանաչված «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲ ընկերության ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ «ընկերությունը հայցվորի հանդեպ չունի ստանձնած որեւէ պարտավորություն» եւ խնդրել էր ներկայացված հայցն ամբողջությամբ մերժել:

Իսկ մյուս պատասխանողը՝ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ «հայցվորը չի ներկայացրել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իր եւ ՀՀ ՊՆ միջեւ առկա պարտավորության փաստը հավաստող որեւէ ապացույց»:
Ըստ ՊՆ ներկայացուցչի, 2000-2007թթ.` մինչեւ ընկերության մասնավորեցումը, ՀՀ պաշտպանության նախարարությունը տնօրինել է «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲ ընկերության բաժնետոմսերը, սակայն ներկայումս ՀՀ ՊՆ-ն որեւէ կերպ չի առնչվում ընկերության գործունեության հետ, ըստ այդմ, «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲ ընկերության պարտավորությունների համար չի կարող որեւէ պատասխանատվություն կրել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը դատարանին խնդրել էր հայցապահանջը մերժել:
Նկատենք, որ գործի նյութերում առկա էր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական վարչության պետի կողմից 18.09.2005թ. տրված գրությունը, համաձայն որի՝ «Նեյտրոն» գործարանում տեղադրված հոսքագծի ձեռքբերման ծախսերի փոխհատուցման կապակցությամբ հայտնվել է. «ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարականով արդեն իսկ վճարվել է 5.000 ԱՄՆ դոլար: Կրկին անգամ Ձեզ ֆինանսական միջոցներ հատկացնելու հիմք ՀՀ պաշտպանության նախարարությունը չունի»:

Իսկ գործում դարձյալ առկա ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 20.09.2011թ. տրված գրությամբ հայտնվել էր. «Փամփուշտների արտադրության ավտոմատ հոսքագծերի համակարգի Բիշքեկից Հայաստան բերելու աշխատանքների գործընթացի արդյունքում վճարված գումարների հատուցման կապակցությամբ հայտնվել է, որ 1994թ. Վ. Սարգսյանի կողմից առաջարկվել է փոխհատուցման համար հատկացնել 10.000 ԱՄՆ դոլար, որը ստացվել է Ավիկ Օհանյանի կողմից՝ 1994թ.-ին` 5.000 ԱՄՆ դոլար, իսկ 2004թ.-ին` 5.000 ԱՄՆ դոլար»:

Դատարանը մերժելով հայցապահանջը, արձանագրել է, որ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական վարչության պետի կողմից 18.09.2005թ. տրված գրության` «Նեյտրոն» գործարանում տեղադրված հոսքագծի ձեռքբերման ծախսերի փոխհատուցման կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարականով Ավետիք Օհանյանին արդեն իսկ վճարվել է 5.000 ԱՄՆ դոլար: Կրկին անգամ ֆինանսական միջոցներ հատկացնելու հիմք ՀՀ պաշտպանության նախարարությունը չունի:

«Դատարանը փաստում է, որ սույն գործով չի հիմնավորվել նաեւ Ավետիք Օհանյանի եւ ՀՀ պաշտպանության նախարարության, Ավետիք Արտաշեսի Օհանյանի եւ «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲ ընկերության միջեւ պարտավորական, պատճառված վնասի, բաց թողնված օգուտի կապակցությամբ առկա իրավահարաբերությունների առկայությունը»,-ասվել էր դատարանի իրավական դիրքորոշման հատվածում:
Տիգրան Աթանեսյանն ու Ավիկ Օհանյանը դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

29.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Դե ինչ, փամփու՞շտ ալ չունենք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031