Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կարող է ծանրամարտի Ռուսաստանի ֆեդերացիային որակազրկել մեկ տարով, եթե նորագույն մեթոդներով 2008/2012 թթ. օլիմպիական խաղերի դոպինգ ստուգումն ի հայտ բերի երեք եւ ավելի կարգազանցի: Իսկ դա կնշանակի, որ այդ երկրների ծանրորդները չեն մասնակցի 31-րդ ամառային օլիմպիական խաղերին: Այս մասին IWF-ն հայտարարել էր դեռ մայիս ամսին Թբիլիսիում կայացած համաժողովում: Դրանից հետո ՄՕԿ-ը, որոշելով ՌԴ ընդհանուր օլիմպիական պատվիրակությանը չզրկել Ռիո դե Ժանեյրո մեկնելու հնարավորությունից, մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաներին էր փոխանցել հարկ եղած դեպքում հավաքականներին եւ անհատ մարզիկներին որակազրկելու իրավունքը: Ընդ որում, Ռուսաստանին թողնելով մասնակցել 31-րդ ամառային օլիմպիական խաղերին, երկրի առջեւ դրվել է խիստ պայմաններ: Օրինակ, Ռուսաստանի մարզիկները, որոնք երբեւէ խնդիր են ունեցել՝ կապված դոպինգի հետ, չեն մեկնի Ռիո, անգամ եթե որակազրկման ժամկետն անցել է եւ մարզիկը կրել է իր պատիժը:
Հիշեցնենք, որ 2008 թվականին Պեկինի օլիմպիական խաղերի դոպինգ փորձանմուշների կրկնակի վերստուգումը արգելված նյութեր էր հայտնաբերել ծանրորդներ Մարինա Շաինովայի, Նադեժդա Եվստյուխինայի եւ Ապտի Աուխադովի մոտ, իսկ օրերս Լոնդոն 2012-ի փորձանմուշների վերստուգումը հակադոպինգային կոդեքսի խախտում է հայտնաբերել ռուսաստանցի եւս չորս ծանրորդների՝ Նատալյա Զաբոլոտնայայի, Սվետլանա Ցառուկաեւայի, Անդրեյ Իվանովի եւ Անդրեյ Դեմանովի անալիզներում:
Ի՞նչ կորոշի առայժմ իրեն վերապահված իրավունքից չօգտված ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մինչեւ օգոստոսի 5-ը, երբ կտրվի օլիմպիական խաղերի մեկնարկը: Ըստ Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովի, իրավիճակը բարդ է: Համենայնդեպս, IWF-ն պաշտոնական կայքէջում հայտարարել է, թե վերջնական որոշում կկայացնի Հակադոպինգային համաշխարհային կազմակերպության (WADA) եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ լրացուցիչ քննարկումից հետո:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
Կարդացեք նաև
29.07.2016