Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն իր վրդովմունքն էր հայտնել, որ ոստիկանի վահանից բռնելու համար փորձում են իր որդուն` Արեգ Սադոյանին 3-7 տարի ժամկետ տալ:
Այնուհետև պարոն Սադոյանը նեղսրտել էր, թե ՀՀ քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Աղվան Հովսեփյանն անձամբ խոստացել էր, որ իր տղային բաց կթողնեն, սակայն խոստման տերը չի եղել:
Արշակ Սադոյանը մասնավորապես հայտարարել էր. «Խոստացել էին, որ ժամը 12-ին Արեգին բաց կթողնեն. Աղվան Հովսեփյանն անձամբ էր խոստացել…. Ես էլ գնացի հարցազրույցի: Հանկարծ զանգում է Վարդան Զուռնաչյանն ու ասում`տղայիդ տանում են»:
ՀՀ Քննչական կոմիտեից Aravot.am-ին այս առիթով պարզաբանեցին. «Հանրային լայն շրջանակներին հայտնի Արշակ Սադոյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել մի շարք հայտարարություններով՝ կապված 2016 թվականի հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու համար իր որդուն մեղադրանք առաջադրելու հետ։ Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, հետեւապես ձեռնպահ կմնանք փաստական հանգամանքներին անդրադառնալուց. փաստենք միայն, որ Ա.Սադոյանն ակնհայտորեն աղավաղված է ներկայացնում ՀՀ ՔԿ Նախագահի մոտ մասնավոր ընդունելության զրույցի բովանդակությունը, որոնց անդրադառնալ հարկ չենք համարում»:
Կարդացեք նաև
Մեզ տրված պարզաբանման մեջ անհարիր է համարվում այն, որ Արշակ Սադոյանն ասուլիսի ընթացքում հանդես է եկել «հասարակական-քաղաքական գործչին անհարիր՝ վիրավորանք ու զրպարտություն պարունակող, մարդու պատիվն ու արժանապատվությունն արատավորող բառապաշարով, որը թողնում ենք իրեն՝ ըմբռնումով մոտենալով նրա անկշռադատված վարքագծին»։
Պարզաբանումը եզրափակվում է այսպես. «Հարգվելու իրավունք ունի միայն նա, ով հարգում է ուրիշ մարդկանց։ Պարզապես մեջբերենք Մարկոս Ավրելիոսի խոսքերը. «Բավական չէ՞ ճամարտակել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մարդը. ժամանակն է մարդ դառնալ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ