Հուլիսի 25-27-ը, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի հրավերով, Թեհրանում էր գտնվում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի գլխավորած պատվիրակությունը:
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին հայ-իրանական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով տնտեսական համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը:
ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեի հետ հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարների, Իրան-ԵՏՄ համագործակցության շրջանակներում Հայաստանի դերակատարության, Հայաստան-Իրան տնտեսական կապերի առավել ամրապնդման և բազմաթիվ այլ հարցեր:
Նախարար Յոլյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային հնարավորությունները։
Կարդացեք նաև
ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին էներգետիկ ոլորտում հայ-իրանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները: Զրուցակիցները համակարծիք էին էներգետիկ բնագավառում համագործակցության ընդլայնման առումով։ Այս համատեքստում շեշտվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը:
Նախարար Յոլյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց «MAPNA» արդյունաբերական խմբի ձեռնարկություններ և ծանոթացավ ընկերության արտադրական և գիտահետազոտական հնարավորություններին:
Թեհրանում Լևոն Յոլյանն այցելեց «Արարատ» մարզավան, ուր հանդիպում ունեցավ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ ԱԳՆ