Հուլիսի 27-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ Վիեննայի «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ հանրաճանաչ «Գեղարդ» երգչախմբի համերգը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին։
Համերգին ներկա էին բազմաթիվ ավստրիացի հասարակական ու մշակութային գործիչներ, երաժշտագետներ, հոգևորականներ, ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով ներկայացրեց երգչախմբի պատմությունը՝ բարձր գնահատելով երգչախմբի նվիրական գործունեությունը՝ ուղղված աշխարհով մեկ հայկական մշակույթի ներկայացմանը:
«Գեղարդ» երգչախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը, իր հերթին, ներկայացրեց հայկական հոգևոր երաժշտությունը։
Կարդացեք նաև
Համերգի ընթացքում երգչախումբը կատարեց Կոմիտասի, Երկանյանի, Աղաջանյանի և այլ կոմպոզիտորների մշակմամբ հայկական հոգևոր և ժողովրդական երգեր։
«Գեղարդ» երգչախումբը եվրոպական երկրներով իր համերգաշարը սկսել է Վիեննայից, որտեղից մեկնելու է Զալցբուրգ՝ մասնակցելու «Զալցբուրգեր Շպիլֆեստ» ամենամյա երաժշտական փառատոնին:
ՀՀ ԱԳՆ