Այսօր Գյումրու 102-րդ ռազմաբազայում շարունակվեց Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Այսօր Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները, ինչպես նաև Վալերի Պերմյակովի փաստաբանը դատարանին միջնորդեցին անթույլատրելի ճանաչել վերջինիս առաջին հարցաքննության արձանագրությունը փաստաբան Թամարա Յայլոյանի ներկայությամբ ու նաև անձնական խուզարկությամբ ձեռք բերված ապացույցները: Գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանն այս գործում ներգրավվել է օրենքի խախտմամբ, քննչական մարմնի կանչով:
Ըստ փաստաբան Երվանդ Վարոսյանի, մեղադրանքի հիմքում ակնհայտ ապօրինի ձեռք բերված ապացույց է, իսկ դա ստվեր է նետելու կայացվելիք վճռի վրա:
«Պերմյակովի պաշտպանը շատ ճիշտ էր մատնանշում, որ Պերմյակովի առաջին հարցաքննության ժամանակ ռուս քննիչները ներգրավվել են որպես պաշտպան փաստաբանի, որն իրավունք չուներ մասնակցել Ռուսաստանի Դաշնության քննչական մարմնի կողմից իրականացվող քննչական գործողություններին:
Կարդացեք նաև
Բացի այդ, հարգելի դատարան, ներգրավված փաստաբանը հետագայում մամուլին հայտնել է, որ իրեն հրավիրել է ոչ թե ամբաստանյալը, այլ Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալը, ինչը կարծում եմ՝ անթույլատրելի է, ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի են», -ասաց Երվանդ Վարոսյանը:
Ըստ նրա, ՌԴ քրեական օրենսգրքի համաձայն, Հայաստանի փաստաբանը չէր կարող ներգրավվել որպես պաշտպան, այդ պատճառով էլ ևս ձեռք բերված ապացույցն անթույլատրելի է:
Մյուս փաստաբանները նույնպես միացան Երվանդ Վարոսյանի պահանջին: Փաստաբանները դատավոր Հարություն Մովսիսյանից պահանջեցին որոշում կայացնել առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, քանի որ ակնհայտ է ապացույցի անօրինական լինելը: Սակայն դատավորը հետաձգեց դատը՝ այդուհանդերձ գտնելով, որ խորհրդակցության սենյակում պիտի որոշում կայացնի:
Դատը հետաձգվեց հաջորդ ուրբաթ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ