Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանին նվաստացուցիչ եւ անմարդկային պայմաններում են պահում

Հուլիս 29,2016 16:44

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի եւ նրա որդու՝ Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը դիմում-պահանջ է հրապարակել, որով պահանջում է Արամ Մանուկյանին դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխել քաղաքային հիվանդանոց, քանի որ Մանուկյանը պահվում է անմարդկային եւ նվաստացուցիչ պայմաններում:

«27.07.2016 թ.-ի կեսգիշերին ՊՊԾ գնդի տարածքում իմ պաշտպանյալ Արամ Մանուկյանը ստացել է ձախ ազդրի վերին երրորդականի հրազենային վնասվածք: Նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում իմ պաշտպանյալը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և կատարվել է վիրահատություն: Վիրահատությունից հետո նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք եւ «Էրեբունի» ԲԿ-ի Ռեանիմացիայի և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը հայտնել է, որ իմ պաշտպանյալի վիճակը գնահատվում է ծանր եւ վերջինս գտնվում է արհեստական շնչառության պայմաններում:

Նույն օրը Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաեւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վիրահատությունից մեկ օր չանցած իմ պաշտպանյալ Արամ Մանուկյանը, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր՝ պատգարակով տեղափոխվել է «Դատապարտյալների» հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ:

28.07.2016 թ. այցելել եմ «ՙԴատապարտյալների» հիվանդանոց տեսակցելու իմ պաշտպանյալին: Աշխատակիցները ինձ ուղեկցեցին իմ պաշտպանյալի այսպես կոչված «հիվանդասենյակ», որը որեւէ կապ չի կարող ունենալ հիվանդասենյակի հետ, քանի որ այդ սենյակում չկար ոչ մի պայման հիվանդի բուժօգնությունը իրականացնելու համար: Նախ այդ սենյակում իսպառ բացակայում են սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները, պատերը ամբողջությամբ բորբոսնած են: Սենյակում իմ պաշտպանյալը միայնակ անօգնական պառկած էր եւ որեւէ բուժաշխատող առկա չէր: Սենյակի հակահիգիենիկ, անմխիթար վիճակը այն աստիճան ծայրահեղ վատ էր, որ իմ պաշտպանյալը կարող է անգամ արյան վարակ ստանալ:

Նոր վիրահատված և ծանր վիճակում գտնվող իմ պաշտպանյալի համար ապահովված չէր ոչ միայն տարրական հիվանդասենյակի պայմանները, այլ նաև սնունդը, քանի որ իմ պաշտպանյալի մոտ դրել էին ընդամենը մեկ կտոր սեւ հաց, պանիր եւ կարագ, այն դեպքում, երբ հետվիրահատական շրջանում իմ պաշտպանյալին անհրաժեշտ է ապահովվել հատուկ սննդակարգով:

Նշեմ նաեւ, որ իմ տեսակցության ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները ևս ներկա են եղել և արձանագրել տիրող ծայրաստիճան անմարդկային և նվաստացուցիչ պայմանները: Մի խոսքով Արամ Մանուկյանը պահվում է անտանելի պայմաններում:

ՄԻԵԿ 3-րդ հոդվածով սահմանվում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Հետվիրահատական շրջանում գտնվող իմ պաշտպանյալը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, ավելի քան երկու օր պահվում է անմարդկային եւ նվաստացուցիչ պայմաններում եւ գտնվում է անօգնական վիճակում:

Պետությունը պոզիտիվ պարտականություն ունի հետվիրահատական շրջանում գտնվող իմ պաշտպանյալի համար ապահովել համապատասխան պայմաններ եւ նրան «Դատապարտյալների՚» հիվանդանոց քրեակատարողական հիմնարկից տեղափոխել «Էրեբունի» ԲԿ-ը կամ որևէ այլ քաղաքային հիվանդանոց կամ ապահովել հիվանդանոցային այնպիսի պայմաններով, որն ընդունելի կլինի, այլ ոչ՝ անմարդկային եւ նվաստացուցիչ:

Ելնելով նշված փաստերից եւ ղեկավարվելով ՄԻԵԿ 3-րդ հոդվածով, խնդրում եմ 2 օր առաջ վիրահատված, շնչառական ապարատները անջատած եւ ծանր վիճակում գտնվող իմ պաշտպանյալ Արամ Պավելի Մանուկյանին «Դատապարտյալների» հիվանդանոց քրեակատարողական հիմնարկից՝ նվաստացուցիչ եւ անմարդկային պայմաններից, տեղափոխել մեկ այլ քաղաքային հիվանդանոց և ապահովել մարդկային պայմաններում ապաքինումը»,-գրված է Ինեսա Պետրոսյանի դիմումում, որը նա ուղարկել է Արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին, ԱՆ քրեակատարողական ծառայության պետին, ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալին:

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031