Սերժ Սարգսյանի հրաժարականը, Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակումը նոր ընտրություններն են կազմակերպում, եթե ապստամբները լինեին իրատես, իրենց հետ սնունդ կտանեին, բժիշկ կունենային, որ կարողանային երկար դիմակայել այս գործընթացներին, որովհետեւ անձին բանտից ազատ արձակելը իրավաբանական բարդ գործողություն է, մի օրում չի լինում: Այսօր այս մասին «Հայելի» ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Իսկ բժիշկներին պատանդ վերցնելը ոչ միայն ցույց է տալիս, որ տհաս են, այլեւ՝ բարոյազուրկ: Դա հոգեբանության մեջ կոչվում է կախաղան գնացողի հոգեբանություն, պատրաստ են բոլոր արարքներին գնալ, միայն թե վնաս հասցնեն այն կողմին, որի դեմ ընդդիմացել են»,- հավելեց պարոն Ադիբեկյանը:
Նրա համոզմամբ, եթե ապստամբներն իրոք հայրենասեր են, պետք է բանակցությունների գնան, գտնեն փոխզիջում, որը երկու կողմին էլ կբավարարի:
Հարցին, թե գո՞հ եք իշխանությունների գործունեությունից, պատասխանեց՝ գոհ է այնքանով, որ նրանց կարողությունները տասնապատիկ ավելին են, բայց դրան չեն գնում. «Միայն մի ալֆայի նման բրիգադ ուղղաթիռով իջնի, խնդիր չունեն այնտեղ: Ուղղակի չեն ուզում իջնել նրանց տրամաբանությանը»:
Կարդացեք նաև
Իսկ ոստիկանության գործողությունները, սոցիոլոգի գնահատմամբ, ավետարանական սկզբունքով են՝ ակն ընդ ական…
Պարոն Ադիբեկյանը վստահ չէ, որ զինյալները ժողովրդի կարծիքն են հայտնում. «Իսկ ինչ կլինի, եթե իշխանությունները հանեն իրենց կողմնակիցներին, փողոցներում տեղ ու դադար չի լինի»:
Նա նաեւ ներկայացրեց իրենց կատարած սոցհարցումների արդյունքները՝ ինչ կանեք, եթե ձեր արմատական իրավունքները խախտվեն հարցի վերաբերյալ. Ըստ նրա, հարցվածների 17 տոկոսը պատասխանել է, որ կդիմի բռնի ուժի, 30 տոկոսը՝ խաղաղ ճանապարհը կընտրի՝ հանրահավաք, ստորագրահավաք եւ այլն, իսկ 50 տոկոսից ավելին, ըստ սոցիոլոգի, թամաշա անողներ են. Սա մեր ազգի որակն է»:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ նկատեց, թե տասնյակ հակասություններ տեսավ սոցիոլոգի ասածներում, շեշտեց հատկապես նրա՝ ոստիկանների գործողություններում դրված ավետարանական փիլիսոփայությունը:
«Իրավապահները բարոյախրատական պատասխան չպետք է տան, այլ՝ իրավական»,- նկատեց ազգագրագետը: Հետո ասաց՝ ոստիկանները չպետք է գան զինված, իսկ գրչակ դանակը դարձնեն սառը զենք, պարոն Ադիբեկյանին էլ մեղադրեց միակողմանի ամփոփումներ ներկայացնելու մեջ. «Երբ այստեղ պարոն Ադիբեկյանն ասում է՝ մեր բնակչությունն այդպես չի մտածում, ես այդպես չեմ մտածում, հենց այստեղ է խնդիրը, որովհետեւ եթե դուք այդպես չեք մտածում, ուրեմն այդպես չի մտածում մեր հանրությունը: Սա ասում է հանրային մտքի հետազոտողը, որը մեզ հեղեղում է հանրային մտքի միակողմանի ամփոփումներով: Մենք BBC-ի քննարկումներում էլ ենք տեսնում, ասում են՝ չկարողացանք գտնել գեթ մեկին, որը չի համակրում տղաներին»:
Պարոն Ադիբեկյանը հեռացավ ասուլիսի կեսից, ասաց՝ շտապում է, իսկ Հրանուշ Խառատյանը խոստացավ՝ հետեւից չխոսել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Չեմ էլ ուզում կարդալ, թե ինչ կա գրված էս վերնադրի տակ, բայց դո՛ւ, Ահարոն Ադիբեկյան, բարոյականություն բառն անգամ օգտագործելու իրավունք չունես….