«Չնայած Արամ Մանուկյանի ծանր վիճակին, նախաքննական մարմնի ձեռքում էր կալանքի որոշումը: Նրան այդքան ծանր վիճակում` վիրահատությունից ժամեր անց տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր նշեց ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատված Արամ Մանուկյանի փաստաբանը` Ինեսսա Պետրոսյանը:
Նա պատմեց, թե ինչ է տեսել դատապարտյալների հիվանդանոցում, ուր տեղափոխվել է Մանուկյանը. «Դա մեկուսարան էր, որը հիվանդանոց չի կարող հիշեցնել: Տարածք էր` խայտառակ վիճակում, պատերը բորբոսնած, այդ երեխան՝ պառկած անկողնում, շուրջը կեղտոտ: Հետվիրահատական շրջանում կողքը հաց ու պանիր էր դրված, որից նա չէր կարող օգտվել, ոչ մի օգնող չկար: Այսօր եւս այցելել եմ: Տղայի վիճակը ծանր է` ամբողջ գիշեր խավարասերները ման են եկել նրա բաց վերքի վրայով: Ինչ միջատ ասես` կար: Ասում էր` բարձի վրայից խավարասերներին էր այս ու այն կողմ տանում գիշերը»:
Փաստաբանը նկատեց, որ երեկ Արամ Մանուկյանի վիրակապը փոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները. «Այսինքն, դատապարտյալների հիվանդանոցում անգամ համապատասխան մասնագետներ չկան»:
Փաստաբանը համապատասխան մարմիններին, այդ թվում` արդարադատության նախարարին դիմում-պահանջ է ներկայացրել, որ Արամ Մանուկյանին շտապ տեղափոխեն քաղաքային հիվանդանոց, տվյալ դեպքում` «Էրեբունի» ԲԿ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ