«Այն պահից, երբ նրանք պատանդ վերցրեցին բժիշկներին, ներսում գտնվող զինված տղաները ահաբեկիչներ են եւ տեռորիստներ: Դրանից հետո պետությունը, իշխանությունը, ուժային կառույցները իրավունք ունեն կիրառելու օրենքով նախատեսված ցանկացած միջոց՝ պատանդներին ազատ արձակելու»,- «Նոյյան տապան» ակումբում այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նա ասաց, որ այլ որակում դրան, քան ահաբեկչություն, անվանել չի կարելի. «Տղաներին առաջարկվել է վայրկյան առաջ բաց թողնել բժիշկներին, վայրկյան առաջ դնել զենքերը: Այդ բարի կամքի դրսեւորման պարագայում, երբ կազատվեն պատանդները ու կմտնեն օրինական դաշտ, նրանց նկատմամբ կարող է կայացվել նույնիսկ քաղաքական որոշում: Նրանց նկատմամբ, ովքեր կապ չունեն ոստիկանի սպանության եւ այլոց վիրավորելու հետ, նրանց նկատմամբ հնարավոր է կիրառվի քաղաքական որոշում»:
Գառնիկ Իսագուլյանը նեղսրտում է, որ մարդու իրավունքների պաշտպանները, կուսակցությունները ամեն ինչի մասին խոսում են, ոչ մեկը բառ չի ասում պատանդ վերցրած բժիշկների մասին. «Եթե այդ տղաները, որոնք իրենց համարում են ապստամբներ, մահապարտներ, պետք է հայտնվեն բուժքրոջ հետեւում, թաքնվեն նրանց հետեւում, ես չգիտեմ այլ որակում, որ պետք է տալ այդ տղաներին: Սա ահաբեկչություն է, օրենք է, կիրառելի է ամբողջ աշխարհում: Հայաստանը բացառություն չպետք է կազմի: Այն համբերությունը, որ այժմ դրսերում են թե՛ ՀՀ նախագահը, թե՛ ուժային կառույցները, որ որեւէ նոր արյուն պետք է չունենան, դրա ժամանակը սպառվել է վաղուց: Դեռ կա հույս, որ մարդիկ կընդառաջեն խնդրանքներին, որ հարկավոր է բաց թողել բժիշկներին, զենքը վայր դնել»:
Նա ասաց, որ Վարուժան Ավետիսյանը գնդապետ մարդ է, բայց թաքնվում է կնոջ՝ բուժքրոջ, բժշկի հետեւում, որը նրան պատիվ չի բերում:
Կարդացեք նաև
Իսագուլյանը դիմեց դրսից հրահրողներին. «Նրանց ասում եմ՝ եթե չունեն այն քաղաքական վարկանիշը, որ կարողանան ցույցերի, միտինգների միջոցով հասնել որոշակի հաջողությունների, իրենք էլ ձգտում են, որ այս տղաները պատանդ մնան, որ իրենք կարողանան հասարակություն հավաքել՝ այդ կազմակերպությունների հետագան արդեն պարզ է: Նրանք արյուն են ուզում, արյուն, որի վրա պիտի կառուցեն իրենց հետագա քաղաքական գործունեությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ևս մեկը ուղարկված անօրինական իշխանությունների կողմից։ Եթե չեք կարողանում օգտակար լինել ազգին, ապա պետք չի զբաղվել ստեր տարածելով։ Շնորհակալ կլինեի խոսքս լսեին բոլոր նման բանագնացները։