Լրահոս
Օրվա լրահոսը

Իսագուլյանը խոսում է դրսի ուժերի մասին, որոնք, ըստ նրա՝ կառավարում են «Սասնա ծռերը»

Հուլիս 29,2016 15:58

Այսօր «Նոյյան տապան» ակումբում Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Սասնա ծռեր» խմբի գործողությունների մասին նոր գնահատականներ տվեց:

Նա պատմեց ողջ գործընթացը, թե ինչպես է բանակցել զինված խմբի հետ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը եւ ինչպես են խմբի անդամները խախտել բոլոր պայմանավորվածությունները. «Տղաների հետ սկզբից հստակ են պայմանավորվել՝ մտնում է 7 տեսախցիկ՝ 14 լրագրողներով: Գործընթացի ժամանակ ներսում զինված տղաները փոխեցին իրենց տեսակետը, որ պետք է թույլատրեն բոլոր լրագրողներին ու օպերատորներին: Ներս մտան 65-ից ավելի լրագրողներ: Պայմանը փոխվեց վերջին պահին: Իշխանությունները, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանը կարողացան ամեն ինչ անել, որ այդ հարցը հանգուցալուծում ստանար՝ ստացավ: Կար պայման, որ որեւէ մեկը իրավունք չունի լրագրողների մոտ զինված լինի, պայմանը խստորեն խախտեցին: Երբ արդեն բոլորիս համար անսպասելի հնչեցին նաեւ կրակոցներ, Վիտալի Բալասանյանին այլ բան չէր մնում, քան խնդրել լրագրողներին լքել տարածքը: Այն, ինչ հետո տեղի ունեցավ, տեղի ունեցավ բացառապես այն պատճառով, որ ներսում գտնվող տղաները խախտել են բոլոր պայմանները»:

Նա եւս մեկ անգամ վստաhեցրեց, որ Ժիրայր Սեֆիլյանի հետ Վիտալի Բալասանյանի բանակցությունները 4-րդ մարդը արձանագրել է: Սեֆիլյանի հետ է եղել Ալեք Ենիգոմշյանը, նաեւ Աշոտ Մինասյանն է եղել ներսում. «Ես այս օրերին անընդհատ եղել եմ թե՛ Աշոտ Մինասյանի, թե՛ Վիտալի Բալասանյանի հետ: Այն, ինչ ասել էր Վիտալի Բալասանյանը, որը հետո Ենիգոմշյանը անհասկանալի պատճառով ասաց, թե ստել է, հետո փորձում էր մեղմել՝ ասելով, թե ենթատեքստից հանվել է, փաստաբանը հստակ ասաց: Հիմա Սեֆիլյանը փոխել է իր տեսակետը, թե չէ՝ այլ խնդիր է: Ենիգոմշյանը ենթատեքստեր է տեսնում թե ինչ, դա նույնպես այլ խնդիր է: Ժիրայր Սեֆիլյանը շատ լավ գիտի՝ Վիտալի Բալասանյանը զինվորական է, ամեն ինչ տեսնում է ուղիղ, փոխանցում է ուղիղ: Այդտեղ որեւէ տարակարծություն չէր կարող լինել: Ինչու հանկարծ դրսում ինչ-որ ուժեր որոշեցին, որ հաջող ընթացող բանակցությունները, որը Վիտալի Բալասանյանը ըստ էության հասցրել էր հանգուցալուծման, դրսում արվեց նման հայտարարություն, հանկարծ անվստահություն հայտնեցին Վիտալի Բալասանյանին: Փորձեցին առանց Աշոտ Մինասյանի հետ համաձայնեցնելու լուր տարածել, թե իբր այլեւս Աշոտ Մինասյանն է լինելու միջնորդ: Նրանք, ովքեր այլոց մեղադրում էին ստի մեջ, հստակ սուտ էին ասում»:

Իսագուլյանն ասաց,որ մինչ այս փորձել են մեղմ լինել եւ որեւէ որակավորում չեն տվել ներսում գտնվող տղաներին. «Իշխանությունների բազմաթիվ առաջարկությունները, որ անհրաժեշտ է հիվանդներին հանել դուրս, որ ստանան ստացիոնար բուժօգնություն, մերժվել են ներսում գտնվող տղաների կողմից: Առաջարկվել է, որ բժիշկներ մտնեն, կատարեն հնարավոր գործողություները, որ որեւէ մեկը չտուժի: Վիրավոր հիվանդներից մեկի մոտ վերքը փակված է, ամեն րոպե կարող է առաջացնել գազային վթար կամ գանգրենա, եւ այդ մարդը կարող է մահանալ, բայց անհասկանալի պատճառով իրենք չեն ուզում, որ իրենց ընկերը ստանա ստացիոնար բուժում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Ամբողջ կյանքում դրսի ուժերին ծառայած Գառնիկ Ւսագուլյանը լավ կանի ձայնը կտրի: Ով չգիտի ինքը ով է: Զարմանում եմ, որ սրանից հարցազրույց են վերցնում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031