Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Ալեքսանդր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2015թ. ապրիլ ամսից հուլիսն ընկած ժամանակահատվածում զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական հենակետում մաքրություն կատարելու ժամանակ զինաբուրգի մոտից հափշտակել է ռազմամթերք հանդիսացող Ֆ-1 տեսակի նռնակի պայթուցիչ:
Նա նույն մարտական հենակետում մաքրություն կատարելու ժամանակ խրամուղու վերին հատվածից գտել է 80 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ: Բացի այդ, նույն ժամանակահատվածում ծառայություն իրականացնելու ժամանակ յուրացրել է ծառայության համար իրեն հատկացված, ռազմամթերք հանդիսացող 80 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ: Ա. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով`3 դրվագով, 238 հոդվածի 1-ին մասով՝ 3 դրվագով եւ 371 հոդվածի 2-րդ մասով:
Նշված ռազմամթերքը նա պահել է ուսապարկի մեջ, այն թաքցնելով զորամասի մոտակա տարածքում, ուսապարկը ծածկելով խոտերով: Զորացրվելուց առաջ նա ռազմամթերքը դասավորել է երկու սպորտային պայուսակի մեջ, դրանք տարել զորամասի մոտակա խանութ, վաճառողին խնդրել, որպեսզի դրանք մնան խանութում, մինչեւ ինքը կստանա զինվորական գրքույկը եւ կվերադառնա դրանց հետեւից: Երբ վերադարձել է զորամասի շարային մասից, խանութի աշխատողը նրան ասել է, որ պայուսակներն ինչ-որ մեկը տարել է: Դրանից հետո Ա. Պողոսյանին կանչել են զորամասի շտաբի պետի աշխատասենյակ,ուր իրավապահներն նրան հարցրել են, թե նշված պայուսակներում ի՞նչ կա: Ա. Պողոսյանը սկզբից լռել է, հետո ասել, որ դրանց մեջ ռազմամթերք է: Ա. Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ նախաքննության ընթացքում Ալեքսանդր Պողոսյանն ասել է, որ փամփուշտները ցանկացել է տուն տանել, որպեսզի դրանցից հուշանվերներ պատրաստի: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Ա. Պողոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես նրա պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել, որ նա լիովին խոստովանել է մեղքը, զղջացել կատարածի համար, նախկինում ոչնչով արատավորված չէ, ծառայել է սահմանային զորամասում, կրել մարտական հերթապահություն, հրամանատարության եւ հարեւանների կողմից բնութագրվում է դրականորեն:
Կարդացեք նաև
Հուլիսի 8-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է Ա. Պողոսյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով նշանակել վերջնական պատիժ՝ ազատազրկում 5 տարի ժամկետով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Էս էլ մեղմ պատիժն ա՞: Բա որ խիստ լիներ, երեւի ցմահ տային, հա՞: