Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է, որ ակտիվացնեն ջանքերը՝ ուղղված իրավունքների բոլոր տեսակի խախտումների վերացմանն ու դրանց հետագա կանխարգելմանը

Հուլիս 29,2016 14:06

1.Հուլիսի 17-ի վաղ առավոտից Երեւանում ծավալվող իրադարձությունները ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումներով: Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետեւանքով սպանվեց Ոստիկանության ծառայող եւ եղան վիրավորներ:

2.Զինված հարձակմանը հաջորդեց ատելության խոսքի եւ բռնության քարոզչության աննախադեպ բռնկում:

3.Տեղի ունեցան ինչպես խաղաղ, այնպես էլ բռնությամբ ուղեկցվող հավաքներ, որոնց ընթացքում Ոստիկանության կողմից թույլ տրվեցին խաղաղ հավաքների ազատության եւ անձնական ազատության իրավունքների խախտումներ, եղան նաեւ հրապարակումներ խոշտանգման եւ վատ վերաբերմունքի վերաբերյալ:

4.Ատելության խոսքի եւ բռնության քարոզչության, ինչպես նաեւ Ոստիկանության թույլ տված խախտումների հետեւանքով հասարակությունում ստեղծվեց լարվածության մթնոլորտ: Դա իր հերթին նպաստեց հավաքների ընթացքում բռնության դեպքերի ավելացմանը եւ մյուս կողմից՝ Ոստիկանության կողմից թույլ տրվող նոր խախտումների:

5.Լարվածության շիկացմանն ավելի նպաստեց Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբի անդամների կողմից վերջին օրերին մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր վարքագծի դրսեւորումը (մեքենաների հրկիզումը, ուղիղ եթերում բռնության ակնհայտ կոչերը, հրազենի ցուցադրումը, անկանոն կրակոցները եւ այլն): Նշվածն անմիջական սպառնալիք է ստեղծում ՊՊԾ գնդին հարակից տարածքի բնակիչների, հատկապես խոցելի խմբերի` երեխաների, տարեցների իրավունքների համար: Այս մասին են վկայում նաեւ հենց բնակիչների հրապարակային մտահոգությունները:

6.Ցավոք, հուլիսի 27-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով եղան վիրավորներ ինչպես ՊՊԾ գնդում գտնվող խմբի, այնպես էլ իրավապահ մարմինների կողմից:

7.Նույն օրը տեղեկություն տարածվեց այն մասին, որ զինված խմբի անդամներին բժշկական օգնություն ցույց տալու համար ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած բժշկական անձնակազմը խմբի կողմից պահվել է՝ որպես պատանդ: Այս փաստը, հատկապես անթույլատրելի է՝ հաշվի առնելով բժիշկների մարդասիրական բարձր առաքելությունը: Մտահոգիչ է նաեւ այն, որ խմբի անդամների կողմից, ըստ հրապարակված տվյալների, խոչընդոտվում է պատշաճ բուժօգնության ցուցաբերումը խմբի վիրավոր անդամներին:

8.Նույն օրը տեղեկություններ տարածվեցին նաեւ այն մասին, որ խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդի տարածքում պահվում են իրենց կամքին հակառակ եւ հնարավորություն չունեն առանց իրենց կյանքը վտանգելու լքել գնդի տարածքը:

9.Այս ամենը հանգեցրեց հասարակությունում անհանդուրժողականության շարունակական խորացմանը: Խիստ մտահոգիչ է այն, որ հասարակության առանձին խմբերի կողմից հրապարակայնորեն ակնհայտ խրախուսվում են ատելությունն ու բռնության կոչերը եւ նույնիսկ իրավունքից դուրս գործելը: Ակնհայտորեն անտեսվում է հասարակության այն հատվածի մասնավոր եւ ընտանեկան կյանքը, ում դեմ ուղղված է ատելությունը: Միջազգային բոլոր պահանջների տեսանկյունից անթույլատրելի այս վիճակին ավելանում է նաեւ այն, որ արդեն առաջ են գալիս տագնապի մթնոլորտ առաջացնող երեւույթներ (օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում եւ հեռուստաընկերություններից մեկում ռումբերի առկայության վերաբերյալ ահազանգերը):

10.Այսպիսի վիճակը խաթարում է պետական իրավասու ինստիտուտների կողմից մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու, ինչպես նաեւ խախտումների դեպքերին պատշաճ արձագանքելու ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելը եւ առաջացնում նրանց նկատմամբ վստահության խնդիր: Դրանով պայմանավորված՝ լրջորեն վտանգվում է Հայաստանում մարդու իրավունքների երաշխավորման ողջ համակարգը՝ բացասական ազդեցություն թողնելով իրավունքի գերակայության վրա:

11.Ուստի, անհրաժեշտ է, որպեսզի պետության համապատասխան մարմինները եւ հանրային գործիչները ակտիվացնեն ջանքերը՝ ուղղված իրավունքների բոլոր տեսակի խախտումների վերացմանն ու դրանց հետագա կանխարգելմանը: Անհրաժեշտ է ապահովել հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի վերականգնում եւ վերջապես՝ ստեղծված իրավիճակի խաղաղ ու անվնաս հանգուցալուծում:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031