Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ի ցուցակի անցողիկ տեղերը 50 հազար դոլար էր». Պետրոս Մակեյանը ՀԱԿ-ին դնում է «գեղամյանների» շարքում (Տեսանյութ)

Հուլիս 29,2016 13:46

«ՀՀ-ի նման փոքր երկրում ոստիկանական զորքեր անիմաստ է պահել: Առանց լրացուցիչ ռեսուրսների կարող է բանակը պայմանագրային հիմունքներով պահել»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Նա ասաց, որ ոստիկանների մեջ կան նորմալ, մարդկային կերպարներ էլ, բայց գերիշխում են, այսպես ասած՝ մսագործները. «Բարեփոխումների թատրոնը, որ սարքում են, Արեւմուտքից փող են վերցնում, իբր շորերն են փոխում, կոշիկները՝ 0 արդյունք է լինում՝ ավելի վատ: 37-ի նման, ինչպես արեցին Լեւոն Բարսեղյանին ու Ալեք Ենիգոմշյանին, գործ սարքելու խնդիր է: Ստալինն ասում էր՝ կարեւորը մարդ լինի, քրեական հոդվածը կգտնվի»:

Նա քննադատեց նաեւ այն մտավորականներին, որոնք կոչ են անում «Սասնա ծռերի» տղաներին զենքերը վայր դնել. «Ցավում եմ, որ մտավորական կոչվածները, նաեւ մեր Արցախյան ազատամարտի վետերանները դիմում են տղաներին՝ տարբեր կոչերով: Մտավորականների այն տեսակն է, որ իրար հրմշտելով, իշխանական կերակրատաշտին մոտ լինելու համար փորձում է առաջինը դատապարտել»:

Հարցին՝ հանրահավաքներին ինչո՞ւ հարթակում չեք՝ նա պատասխանեց. «Այնտեղ, որտեղ ժողովուրդն է, ես կանգնած եմ, իսկ հարթակը ձեւավորվում է կոնկրետ հայտնի կամ անհայտ շահերի ուղղորդությամբ: Իմ նմանները, որոնց դժվար ուղղորդեն, դժվար փորձեն այդ բաներում տեսնել: Ես նախընտրում եմ պայքարել այն դաշտում, որտեղ ժողովուրդն է: 20 տարվա պատմության ընթացքում փորձը ցույց է տալիս, որ հարթակները ձեւավորվում են: Հեռու չգնանք՝ 2008-ին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը եկավ, շարժումը սկսվեց, հարթակին պարզվում էր՝ ոտք դնելու տեղ չկար, հրմշտում էին: Մարդիկ կային, որ մշտապես եւ իշխանության մեջ էին, եւ համագործակցում էին, բայց հարթակում հայտնվեցին: Երբ որ եկան ցուցակը կազմելու ԱԺ ընտրությունների, էլի այդ ցուցակը կազմեցին նույն սկզբունքով, ինչ ՀՀԿ-ն: Ուղղակի չափաբաժինը՝ գումարի չափն էր տարբեր»:

Մակեյանը քննադատեց ընդդիմությանը, ասելով, որ իշխանավորներին սպասարկում է ապականված քաղաքական դաշտի, այսպես ասած՝ քաղաքական ընդդիմությունը. «Արթուր Բաղդասարյան, Գեղամյան…Ծառուկյանը չօգտագործվեց, ի պատիվ իրեն: Ապրիլյան պատերազմից հետո, ցավոք, ՀԱԿ-ն էլ, իմ նախկին գործընկերներն էլ հայտնվեցին նույն շարքում»:

Aravot.am-ը ճշտեց՝ ՀԱԿ-ը իր համամասնական ցուցակը կազմելիս ինչպե՞ս է առաջնորդվել, ով շատ փող է տվել, նրան առա՞ջ են գցել՝ Մակեյանը պատասխանեց. «Նույն սկզբունքով է կազմել, ինչ ՀՀԿ-ն: Չափաբաժինը երբ ՀՀԿ-ի ցուցակում 500 հազար դոլար էր, ՀԱԿ-ինը 50 հազար դոլար էր»:

Հիշեցնենք, որ Պետրոս Մակեյանը ՀԱԿ-ի ցուցակում 2013-ի խորհրդարանական ընտրություններին 18-րդ տեղում էր. «Անցողիկ տեղերը չէի»: Մեր հարցին՝ փող չէի՞ք տվել այդ տեղի համար՝ նա պատասխանեց. «Փող տալ-առնելու խնդիր ունենայի՝ 20 տարի ընդդիմություն չէի լինի, լեզու կգտնեի իշխանության հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031