«Չորսի նախաձեռնությունը»`իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Ստեփան Դանիելյանը եւ Արթուր Սաքունցն այսօր քննարկում էին հրավիրել, որի նպատակն էր ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից ելքեր գտնելը:
«Բոլոր գնահատականները տրված են՝ եւ ոստիկանության գործողությունների, եւ իշխանության պահվածքի, եւ ընդհանրապես իրավիճակի մասին: Մենք առաջարկում ենք քննարկել իրավիճակից դուրս գալու հարցը: Մենք իշխանության չենք ձգտում, եթե նոր ընտրություններ լինեն, չենք մասնակցելու: Պետականությունն է վտանգի առջեւ կանգնած, ուղի է պետք թավշյա ձեւով իրավիճակը հարթելու համար»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
«Չորսի նախաձեռնությունը» լուծման տարբերակ ունի, որը քննարկումների, լրացումների, փոփոխությունների ենթակա է: Զարուհի Հովհաննիսյանը ներկայացրեց համատեղ աշխատանքի արդյունքը`վստահության մթնոլորտի ձեւավորման համար անհրաժեշտ քայլերը եւ կարճաժամկետ գործողությունների ծրագիր: Դրանցում ներառված է քաղբանտարկյալների եւ ամսի 17-ից ի վեր բոլոր կալանավորվածների ազատ արձակում, ոստիկանության գնդապետի սպանության հանգամանքների անաչառ քննություն, կառավարության փոփոխություն եւ ժամանակավոր կառավարության ձեւավորում, ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի հրաժարականներ, ոստիկանության, ԱԱԾ-ի եւ ՊԵԿ-ի վերակազմավորում նախարարությունների, նոր ԸՕ-ի ընդունում, ԿԸՀ-ի լուծարում եւ վստահություն վայելող կազմով ձեւավորում եւ այլն:
«Հակամարտող» կողմերն, ըստ Ավետիք Իշխանյանի, պետք է բաց, հրապարակային, հեռուստատեսային քննարկումներով հանգեն լուծումների`ինչպես ժամանակին «Սոլիդարնոստին»:
Կարդացեք նաև
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ