Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյանը վրդովված է, որ ոստիկանի վահանից բռնելու համար փորձում են իր որդուն 3-7 տարի ժամկետ տալ

Հուլիս 29,2016 13:05

Արշակ Սադոյանի որդին` Արեգ Սադոյանը, այժմ շարունակվում է ձերբակալված մնալ:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Սադոյանը որոշ մանրամասներ ներկայացրեց որդու ձերբակալությունից: Արտառոց համարելով իր տղայի հետ կատարվածը` պարոն Սադոյանը պատմեց. «Որևէ փաստ չկա, որևէ ոստիկան չի տեսել, որ Արեգն իրեն հարվածել է: Կա անորոշ մի նկար, որում եղած անձին նմանեցնում են իմ տղային: Գլխին գլխարկ կա, և այդ անձի դեմքը չի երևում, ուստի որտեղի՞ց են որոշել, որ դա Սադոյանի որդի Արեգն է: Զարմանալի է, որ այս կարգի ստորություն է թույլ տալիս Հայաստանի բարձրագույն իշխանության մարմնի ներկայացուցիչը»:

Պարոն Սադոյանը պատմեց, որ երբ որդուն նոր էին ձերբակալել, ու ինքն առաջարկում էր, որ փաստաբան գա նրա մոտ,  ասել են, թե կարիք չկա, պարոն Սադոյան, մինչև երեկո բաց կթողնեն:

Այնուհետև պարոն Սադոյանը մանրամասներ ներկայացրեց իր ու Աղվան Հովսեփյանի խոսակցությունից. «Խոստացել էին, որ ժամը 12-ին Արեգին բաց կթողնեն. Աղվան Հովսեփյանն անձամբ էր խոստացել…. Ես էլ գնացի հարցազրույցի: Հանկարծ զանգում է Վարդան Զուռնաչյանն ու ասում`տղայիդ տանում են»:

Պարոն Սադոյանը վրդովված է, որ ինչ-որ ոստիկանի վահանից բռնելու համար փորձում են իր որդուն 3-7 տարի ժամկետ տալ. «Տեղի է ունեցել բացարձակ անօրինականություն. միաժամանակ 8-9 հոգի մտել են մեր տուն, ներկայացրել են խուզարկության վկայական, որի մեջ նշված է, որ իրենք փնտրում են Արեգ Սադոյանի հագին եղած մայկան ու գլխարկը: Մտնում եմ տուն`տեսնում եմ կոմպս չկա,ասում են` առգրավվեցին, զարմանում եմ` ո՞վ իրավունք ունի: Հետո խուզարկել են Արեգի մեքենան»:

Պարոն Սադոյանը հարցը փորձելու է Հանրային խորհրդով դատապարտել. «Լիսկայի տղան գնում մարդ է սպանում, բաց են թողնում, բայց նույնիսկ մեր առաջարկությանը` գրավով բաց թողնել, դա էլ են մերժել»:

Տարբեր մակարդակի քաղաքական գործիչների և իշխանության ներկայացուցիչների հետ շփումից պարոն Սադոյանը կամաց-կամաց սկսել է զգալ, որ կա բարձրաստիճան պաշտոնյաների խումբ, որոնք աշխատում են, որպեսզի լարվածությունն ավելանա. «Ցավալի է, որ այդ անձանց խումբը որոշ ազդեցություն ունի ՀՀ նախագահի վրա: ՀՀ նախագահը, հասկանալով իրավիճակի լրջությունը, այնքան էլ հակված չէ ուղիղ գրոհի կամ շտուրմի, բայց այդ մարդիկ օգտագործում են իրենց լծակները»:

Կրկին անդրադառնալով իր որդու հետ կատարվածին` պարոն Սադոյանը նշեց. «Ենթադրենք` իմ տղան է նկարում ու ենթադրենք բռնել է ոստիկանի վահանից: Ոչ հայհոյանք, ոչ քար, ոչ Մոլոտովի կոկտեյլ, դրա համար պետք է ազատազրկե՞լ ու անգամ գրավով բաց թողնել չթույլատրե՞լ: Դա նշանակում է, որ տեղի է ունենում որոշ պաշտոնատար անձանց կողմից հատուկ ահաբեկման գործողություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031