«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ։
-Պարոն Կոստանյան, այսօր ամենատարբեր գնահատականներով՝ մեր երկրում աննախադեպ իրավիճակ է։ Մարդիկ զինված ապստամբություն են սկսել, սակայն իրավապահ համակարգը բռնություններով ճնշում է շարժումը։ Մինչդեռ իրավաբանների կողմից տեսակետ հրապարակվեց, որ մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերով պաշտպանված է «ապստամբության» իրավունքը։ Այդ դեպքում ինչո՞ւ չի հարգվում այն։
– Չկա մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված որեւէ միջազգային կոնվենցիա, որով պաշտպանված է ապստամբության իրավունքը։ Նման իրավունք չկա մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պաշտպանած իրավունքների շարքում, նման իրավունք պաշտպանված չէ նաեւ ՄԱԿ-ի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրով։
– Որպես հիմնավորում նշվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։
Կարդացեք նաև
– Նախ անհրաժեշտ է հաշվի առնել, որ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը թեեւ չափազանց կարեւոր եւ, կարելի է ասել, դարակազմիկ փաստաթուղթ է, սակայն ֆորմալ միջազգային իրավունքի տեսանկյունից այն ունի միայն խորհրդատվական նշանակություն։ Հռչակագրի նախաբանի 3-րդ մասում իսկապես նշում կա ապստամբության մասին, սակայն տրամագծորեն այլ տեսանկյունից։ Տրամաբանությունը հետեւյալն է՝անհրաժեշտ է պաշտպանել հռչակագրում նշված իրավունքները, որպեսզի տեղի չունենա այնպիսի անցանկալի երեւույթ, ինչպիսին ապստամբությունն է։
– Դա չի նշանակում՝ արդյո՞ք եթե մարդկանց իրավունքները տարիներ շարունակ հետեւողականորեն ոտնահարվում են, ու չկա պայքարի այլ խաղաղ եւ քաղաքակիրթ մեթոդ, հնարավո՞ր է, որ մի օր էլ իրենց խախտված իրավունքները պաշտպանելու համար ապստամբեն, այդ թվում եւ զենքով։ Ասել է թե՝ մարդիկ ինքնաբերաբար ստանում են ապստամբելու իրավունքը հենց ՄԱԿ-ի հռչակագրով։
– Ո՛չ, չի նշանակում, բացատրեմ ինչու։ Նախ անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ նկատի ունենք «ապստամբություն» ասելով։ Հռչակագրի անգլերեն հիմնական տեքստում օգտագործվում է rebellion բառը, որը կարող է թարգմանվել հայերեն նաեւ որպես «խռովություն» կամ «դիմադրություն»։ Անհրաժեշտ է տարանջատել «ապստամբության» երկու տարբերակ՝ օրենքով չարգելված որեւէ եղանակով, կամ բռնության միջոցով։ Այստեղ ապստամբություն ասելով՝ անհրաժեշտ է հասկանալ ժողովրդի մի հատվածի գործողությունները՝ ուղղված իշխանություններին կամ իշխանությունների որեւէ որոշումը փոխելուն։ Մեր օրենսդրությունը, ինչպես նաեւ Հայաստանի կողմից վավերացված մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերը պարունակում են օրենքով չարգելված եղանակների բազմաթիվ հնարավորություններ:
Զրուցեց Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում