Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանդի կարգավիճակում հայտնվելը շոկային է եւ ճիշտ չէր միանգամից վերադառնալ ծառայության. «Հայկական ժամանակ»

Հուլիս 29,2016 11:42

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Արզումանյանը չի կարծում, որ մի քանի օր անազատության մեջ գտնվածների հետ հոգեբանական աշխատանքներ անցկացնելու անհրաժեշտություն չկա։ Ընդհակառակը, համարում է, որ դա կազմակերպելը ճիշտ կլիներ։ «Այդ մարդիկ բնականաբար դրա կարիքն ունեն, այդպես շատ կիրթ կլիներ, բայց ստեղծված իրավիճակում դա ուղղակի նոնսենս է, նման բան ոչ մեկի մտքով չէր անցնի, հատկապես նրանց ղեկավարության»,- ասաց նա։ Մասնագիտական տեսանկյունից հեռակա վերլուծելով, թե ինչ հոգեվիճակում կարող էին հայտնվել «Սասնա ծռեր» զինված խմբի մոտ մի քանի օր որպես պատանդ պահված իրավապահները, մեր զրուցակիցը նշեց. «Հոգեբանական տեսանկյունից՝ նման սպեցիֆիկ պայմաններում «պատանդ» լինելը, օրեր շարունակ լարվածության այդ վիճակը կարող էր շատ հակասական զգացողություններ առաջացնել, թեկուզ եւ կարծիքներ են հնչել, որ իբրեւ նրանք պատանդ չեն եղել, եւ նրանց ի սկզբանե հայտնել են, որ իրենց վնասելու որեւէ միտում, նպատակ չունեն զինված տղաները։ Անկախ նրանից, որ իրենք աշխատում են ՀՀ ոստիկանությունում, միեւնույն է, իրենք եւս կարող են ունենալ որոշակի դժգոհություններ որպես սովորական քաղաքացի։ Ու կարծես իր անձի մի մասով նա կարող է հասկանալ այդ զինված տղաներին, գուցե եւ արդարացնել… սակայն մյուս տեսանկյունից հստակ պարտավորություն ունի ծառայելու իր երկրին, գիտակցում է, որ ինքը իրավական համակարգի ներկայացուցիչ է ու կարող է իր իրավագիտակցության սահմաններում դատապարտել «Սասնա ծռերի» արարքը՝ անկախ նրանից՝ այդ խմբում ազգի հերոսներ են, հայրենասեր մարդիկ, կամ թե ինչ նպատակով են իրենց այդտեղ պահել։ Իրավիճակը իրոք հակասական է, ենթադրում եմ, որ նրանց ապրումները պակաս երկակի չեն…»։

Հոգեբան Անահիտ Արզումանյանը կարծում է, որ ինչքան էլ ոստիկանի աշխատանքը հագեցած է արտակարգ իրավիճակներով ու պատահարներով, պատանդի կարգավիճակում հայտնվելը շոկային է եւ ճիշտ չէր միանգամից վերադառնալ ծառայության։ «Անկախ երկակի ստանդարտներից եւ այս իրավիճակի երկակի մեկնաբանություններից, մարդը իրավունք ուներ վերականգնվելու, վերաիմաստավորելու, հասկանալու՝ իր հետ ինչ կատարվեց եւ ինչ ռեակցիա պիտի դրսեւորի»,- կարծում է մասնագետը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031