Հուլիսի 27-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիսում գյուղապետ Նարեկ Սահակյանը կառավարության ղեկավարին ներկայացրեց գյուղում խմելու ջրագծի շինարարության ավարտի մասին տեղեկատվություն:
Վարչապետը բաղանիսցիների հետ զրույցի ժամանակ հարցրեց Բաղանիսի խնդիրների մասին: Գյուղի կանանցից մեկը առաջադրեց բնական գազի հարցը: Բաղանիսի գյուղապետն ասաց, որ Բաղանիսը գազաֆիկացված է, սակայն գյուղացիները գազատար ցանցը իրենց տներին միացնելու համար փող չունեն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազատարը տներին միացնելու համար խողովակի յուրաքանչյուր մետրի հաշվով մոտ 4000 դրամ է պահանջում, առանձնատունը գազատարին միացնելու համար նվազագույնը 80 հազար դրամ է հարկավոր: Վարչապետն ասաց, որ կառավարությունն այդ գումարը կհատկացնի:
Հովիկ Աբրահամյանին հայտնեցին, որ խնդիրը ոչ միայն Բաղանիսում է առկա, այլեւ՝ սահմանամերձ եւս 5 գյուղերում: Նա ասաց, որ հարցը կքննարկեն, դրան լուծում կտան, խնդիրը կարող է լուծվել ավելի էժան գնով խողովակներ օգտագործելու եւ այլ միջոցներով:
Նշենք, որ Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԻՖԱԴ) պետական հիմնարկի կողմից, Հայաստանին տրված վարկային միջոցներով, 2012 թ.-ին գազաֆիկացման աշխատանքները են մեկնարկել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս,Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան. Ջուջեւան համայնքներում: Այդ նպատակով տրամադրվել է 675 միլիոն դրամ, կառուցվել է 74.6 կմ ընդհանուր երկարությամբ գազախողովակաշար: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ հիշյալ գյուղերում գազատարն արդեն 2 տարի կառուցված է, սակայն գյուղացիների բնակարաններում գազ չկա: Բնակիչները ֆինանսական հնարավորություն չունեն գազատարից իրենց տուն գազի խողովակ անցկացնելու:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ