Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսանկարը խեղաթյուրվել է, որպեսզի օգտագործվի կոնկրետ քարոզչական նպատակներով. «Հայոց Աշխարհ»

Հուլիս 29,2016 10:52

Պատանդառված բժիշկներից մեկի հետ կապված, «ֆեյսբուքներում» երեկ ինտենսիվ շրջանառվում էր մի լուսանկար, որտեղ պատկերված է այդ բժիշկը՝ զինված խմբի անդամների հետ, մի սենյակում, անկաշկանդ նստած՝ զրուցելիս։

Այդ նկարը «մատուցվում» էր, թե՝ տեսեք, որ նա ոչ էլ պատանդ է, տեսեք, ինչ համերաշխ նստած է, զրուցում են եւ այլն, եւ այլն։ Տարածված լուսանկարում, ի դեպ, անհասկանալի է, թե ո՞ւր կամ ո՞ւմ է նայում շտապօգնության բուժաշխատողը։

Բայց։ «Սասնա ծռերը» ավելի վաղ տարածել էր լուսանկարներ։ Եվ ահա, այդ լուսանկարների մեջ տեսնում ենք նույն՝ երեկ ինտենսիվ շրջանառվող նկարը… Պայմանականորեն այդ լուսանկարները համարակալել ենք՝ 1 եւ 2։

Sasna-crer-2

Եվ այսպես. ԱՌԱՋԻՆ լուսանկարը, որ տարածվում է՝ ցույց տալու համար, թե՝ պատանդ վերցված բժիշկը, տեսեք, հանգիստ զրուցում է զինված խմբի անդամների հետ։ Էականն այստեղ այն է, որ դա ներկայացվում է որպես հենց հիմա, այժմ արձանագրված իրավիճակ։

Sasna-crer-1

Բայց 2-ՐԴ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ պարզ երեւում է Պավլիկ Մանուկյանը։ Հասկանալի է դառնում նաեւ, թե ում է նայում լուսանկարում պատկերված բժիշկը։ Ի՞նչ է ստացվում։

Հարցն այն է, որ տվյալ բժիշկը հուլիսի 27-ին, իր կոլեգաների հետ, հայտնվել է պատանդի կարգավիճակում, այն բանից հետո, երբ արդեն վիրավորվել ու հիվանդանոց էր տեղափոխվել Պավլիկ Մանուկյանը։

Այսինքն՝ անկախ այն բանից, թե տվյալ բժիշկը այդ լուսանկարում ինչ տեսքով է նստած եւ այլն, դա ավելի վաղ ու ա՛յլ իրավիճակում արված լուսանկար է։ Ավելին՝ այն հատուկ կտրվել է, այսինքն՝ խեղաթյուրվել է, որպեսզի օգտագործվի կոնկրետ քարոզչական նպատակներով։

…Հասկանալի է, որ տվյալ բժիշկը էլի է եղել ՊՊԾ գնդում, ու հնարավոր է՝ արդեն այդ փորձառությունը նկատի ունենալով են շտապօգնության կանչի սպասարկումը այս անգամ եւս նրան կամ նրա անձնակազմին փոխանցել։ Շատ հնարավոր է նաեւ, որ նա ու գործընկերները հիմա էլ հանգիստ զրուցում են զինված խմբի անդամների հետ։ Վերջիվերջո՝ պատանդ են թե ոչ, բժիշկներ են, որ կարող են օգնել վիրավոր կամ վատառողջ անձանց։ Եվ հետո, երբ ասում ենք՝ պատանդի կարգավիճակում են, դրանից դեռ չի հետեւում, որ պիտի ատրճանակը քունքին դեմ տված պահեն։

Այս լուսանկարների հետ կապված էական է ուրիշ բան։ Կոնկրետ այն, որ որոշակի անձինք միտումնավոր ապատեղեկացնում ու ապակողմնորոշում են հանրությանը։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031