Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ արձակել Լեւոն Բարսեղյանին և խաղաղ ցույցերի մասնակից բոլոր ձերբակալվածներին». Վարդան Հարությունյան

Հուլիս 29,2016 09:15

«Իրավունքի եւ ազատության կենտրոնի» նախագահ Վարդան Հարությունյանի հայտարարությունը

Հայաստանի իշխանությունները միշտ էլ ընդդիմադիր շարժումների ու իրենց քննադատների հետ փոխհարաբերություններում նախընտրել են ընդդիմադիրների նկատմամբ ուժի կիրառումը, հալածանքներն ու շինծու քրեական հետապնդումները։ Այս կերպ նրանք փորձել են լռեցնել իրենց ուղղված կամայական քննադատություն ու իրենց համար անցանկալի քաղաքական զարգացում։ Այդպես եղել է միշտ։

Բայց 2016թ․ հուլիսի 17-ից հետո, երբ Սասնա Ծռեր զինված խումբը գրավեց ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, երկրում սկսվեց ոստիկանության եւ հատուկ ծառայությունների կողմից սանձազերծված մի իսկական տեռոր։ Հարյուրավոր քաղաքացիներ առանց որեւէ հիմքի ու առանց բացատրության բերման ենթարկվեցին։ Նրանցից շատերը ենթարկվել են նվաստացուցիչ վերաբերմունքի ու ծեծի։ Շատերի նկատմամբ շինծու քրեական գործեր են հարուցվել։

Ի թիվս այլոց, հուլիսի 27-ին բերման է ենթարկվել նաեւ Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, իր քաղաքացիական հստակ դիրքորոշմամբ աչքի ընկնող Լևոն Բարսեղյանը, ում գրպանում հայտնաբերված ծալովի դանակը պատրվակ է հանդիսացել, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսեն ու նրան ձերբակալեն։

Իրավունքի եւ ազատության կենտրոնը դատապարտելով իշխանությունների կողմից սանձազերծված եւ օր-օրի ուժգնացող  կամայականությունները՝ իշխանություններից պահանջում է․

-ազատ արձակել Լեւոն Բարսեղյանին,

– ինչպես նաեւ հուլիսի 17-ից սկսած խաղաղ ցույցերի մասնակից մնացած բոլոր ձերբակալվածներին,

-իշխանություն-ընդդիմության, իշխանություն-քաղաքացի փոխհարաբերությունները տեղափոխել օրենքի դաշտ։

Բոլոր անօրինականությունների ու կամայականությունների համար պատասխանատու են իշխանությունները։

29. 07. 2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031