Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե դատենք արդյունքով, ապա ստացվում է, որ մեր ժողովուրդը բավականին գոհ է իր ապրուստից

Հուլիս 29,2016 08:24

Խելացի պետք չէ լինել, վերջին 12 օրերին տեղի ունեցող իրադարձությունների համայնապատկերից հասկանալու համար, որ փաստորեն մեր ժողովրդի 90 տոկոսից ավելին գոհ ու երջանիկ է իր կյանքից և ապստամբներն ու ցուցարարներն իզուր լարում են երկրի իրավիճակը և խանգարում ժողովրդի մեծամասնության՝ նույն 90 տոկոսի խաղաղ, ներդաշնակ անդորրը:

Ասվածը պարզորոշ վկայում է, որ փաստացի խախտվում է ոչ միայն ՊՊԾ գնդի բնականոն, ժողովրդի համար այնքան անհրաժեշտ աշխատանքը (չէ՞, որ նրանք սրտանց, անձնազոհ ծառայում են միմիայն ժողովրդին), այլև խախտվում են այլ իրավական նորմեր ևս (երթեր, սոցիալական ցանցերի ողողում՝ գունդը գրաված ապստամբների, հանրահավաքների, ոստիկանների կողմից մեղավոր քաղաքացիներին, իհարկե ոչ միայն Հայաստանի, բերման ենթարկելու մասով,…):

Ասում են, ժողովուրդները միշտ իմաստուն են: Այո, դա բացարձակ ճշմարտություն է և դրա վառ ապացույցը՝ վերջին օրերին մեր ժողովրդի տանը նստելն ու անօրինական գործողություններին չմասնակցելը, ավելին՝ մասնակիցներին տարաբնույթ որակումներ տալը, փոքրամասնության կողմից իրենց ոտնահարված իրավունքների մասին տներում բամբասելը և այսպես շարունակ…:

Ի՞նչ է, մեր երկրում ժողովրդավարություն հռչակեցին, որ փոքրամասնությունը խախտի՞ մեծամասնության իրավունքները: Կարծում եմ, որ մեր երկրում ոչ թե ժողովրդավարություն է, այլ սուպեր ժողովրդավարություն (դա կարող է վկայել հենց նույն մեծամասնությունը), որը ոչ այլ ինչ է, քան նորմայից շեղվածություն, որը խաթարում է հայաստանյան բնականոն կյանքը:

Այ, այս օրերին միայն հասկացա, թե Հայաստանում մնացած ժողովրդի 90 տոկոսն ինչու չարտագաղթեց: Սովորաբար մարդիկ արտագաղթում են, քանի որ իրենց երկրում այլևս չեն կարող մարդավարի ապրել (չհաշված բացառությունները, ովքեր ուզում են ավելի լավ ապրել), որպեսզի օտար երկրներում հանապազորյա հաց վաստակեն: Իսկ մեր ժողովրդի 90 տոկոսը փաստորեն լավ էլ ապրում է, հո գիժ չեն գնան, մանավանդ, որ գնալուց հետո կարող են պարզորոշ տեսնել, որ այդ եվրոպաներում, ամերիկաներում ի՞նչ ժողովրդավարություն է որ: Այ, ժողովրդավարությունը մեր երկրում է, որ կա…:

Մի բանի վրա էլ եմ շատ զարմացած և չեմ կարող չկիսվել ընթերցողիս հետ: Ինչպես տեսանք, էս վերջին տարիներին նմանատիպ շատ դժգոհություններ տեղի ունեցան նաև արաբական երկրներում, Ուկրաինայում, Վրաստանում և այլ երկրներում: Մեր ժողովրդի և ոստիկանության փորձից ելնելով, հաստատ կարող եմ բարձրաձայնել, որ նվազագույնը այդ ազգերն ու ժողովուրդները բան չեն հասկանում, թացն ու չորը իրարից չեն տարբերում: Ավելի ճիշտ, շատ միամիտ էին, որ դուրս եկան պայքարի և կործանեցին խեղճ Քադաֆիին, Սադամ Հուսեյնին, Մուբարաքին և այլ՝ երբեմնի հզոր, անպարտելի ղեկավարներին, իսկ ուկրաինացիները ոչ ավելի, ոչ պակաս, զուտ այդ պատճառով կորցրեցին Ղրիմը: Բա, տեսնում եք ինչ է լինում, երբ այլ երկրների ժողովուրդները գոռոզանում և չեն սովորում հայ ժողովրդի 90 տոկոսի պահվածքից: Կործանվում են…: Կեցցե հայ ժողովրդի՝ հատկապես այդ 90 տոկոսը, որն իրեն բացարձակ հեռու է պահում Հայաստանը կործանող իրադարձություններից և փորձում է կերտել հավերժական, ժողովրդավարական Հայաստանը…

Սիրելի մեծամասնություն, մնացած 10 տոկոսի անունից ձեզ մաղթում եմ անկոտրում կամք, որպեսզի հանկարծ չսայթաքեք և ու չշեղվեք ձեր կայուն, հաստատակամ ուղուց և Հայաստանը տանեք դեպի պայծառ ապագա…

Ուզում են իրար կոտորեն, ջարդեն, դուք ճիշտ նույն կերպ կմնաք տանը և հանկարծ ոչնչի չխառնվեք…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031