Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ասի այն, ինչ ամբոխն է պահանջում»

Հուլիս 29,2016 15:00

Ինչո՞ւ Լյուդմիլա Սարգսյանը չգնաց Խորենացի փողոց

«Ցավում եմ, որ ըստ էության, բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` արձագանքելով այն դիտարկմանը, որ «Սասնա ծռեր»-իշխանություն բանակցություններն, ըստ էության, անարդյունք անցան, եւ տասն օր շարունակվող լարված իրավիճակի հանգուցալուծումը հնարավոր չի դառնում առանց կրակոցների եւ վիրավորների: Հիշեցնենք, որ վերջին երկու օրերի ընթացքում, տարբեր պատճառներով ու պատճառաբանություններով, «Սասնա ծռերի» չորս անդամներ հրազենային վիրավորումներով տեղափոխվեցին հիվանդանոցներ: Նրանց արդեն մեղադրանքներ են առաջադրվել: Հարյուրավոր քաղաքացիներ էլ, հիմնականում առանց պատճառաբանությունների, բերման են ենթարկվում Խորենացի փողոցից: Երեկ արդեն խոսակցություններ կային, որ տարբեր մասնավոր հիմնարկներում իրենց աշխատակիցներին զգուշացրել են` եթե ցույցերի գնաք, աշխատանքից կազատվեք: Շատերն այդ մասին մասնավոր զրույցներում էին ասում՝ խուսափելով հրապարակային հայտարարություններից:

Լյուդմիլա Սարգսյանը թեպետ հասկանում է, որ իշխանություններն են երկիրն այն վիճակին հասցրել, որ մարդիկ այլ ելք չեն տեսել, քան զենք վերցնելն ու պայքարի ծայրահեղ միջոցի դիմելը, բայց մի բանում էլ վստահ է` հարցեր լուծելու նման մեթոդները երկիրն ավելի են թուլացնում. «Ի սկզբանե էլ, հենց ամսի 17-ին էլ ես ասել եմ` այս իրավիճակից դրական ակնկալիքներ չունեմ: Բայց նաեւ հասկանում եմ` ժողովուրդը միատարր չէ, միանման չի մտածում, եւ կան մարդիկ, ովքեր այդ ճանապարհով են լուծումներ տեսնում: Ի սկզբանե էլ պարզ էր, որ «Սասնա ծռերի» պահանջներն անիրագործելի էին: Որեւէ իշխանություն չէր գնա նման պահանջի եւ հրաժարական չէր տա: Իսկ եթե դա չէր լինելու, ապա պարզ է, որ իշխանությունը պետք է գործեր ըստ իր ռեսուրսների եւ հնարավորությունների: Ըստ էության, իշխանության ռեսուրսները շատ մեծ չէին, որովհետեւ վերջին օրերին մարդիկ իրենց սոցիալական վիճակից դրդված, երկրում տիրող անարդարություններին լուծումներ չգտնելով` սատարեցին զինված խմբին: Եվ տեսանելի էր, որ Խորենացի փողոցում մարդկանց քանակը աճողական էր:

Տղաները զիջման ցանկություն չհայտնեցին, խիստ եւ կտրուկ պահանջներից ետ չկանգնեցին, իշխանությունն էլ ընտրության շատ մեծ հնարավորություն կարծես չուներ: Համենայնդեպս, ի սկզբանե էլ ինձ համար տեսանելի էր, թե ինչ կերպ է վարվելու իշխանությունը: Եթե հրաժարական չի տալիս, ուրեմն չի զիջելու: Բայց իշխանությունը չի կարող նաեւ մասսայական բախման տանել, ինչի արդյունքում հարյուրավոր մարդիկ կզոհվեն: Նման ռեսուրս իշխանությունը չունի: Այդ դեպքում իրադարձությունները շատ ավելի լուրջ գործընթացով կզարգանային:

Մեր համաքաղաքացիների պասիվ հատվածը նույնպես դուրս կգար փողոց: Հետեւաբար իշխանությունում գտել են մի լուծում` քիչ-քիչ թուլացնել տղաներին եւ դրա արդյունքում վիճակը վերահսկելի դարձնել: Կարեւոր չի` ես այդ մեթոդներին կողմ եմ, թե դեմ, բայց եթե իշխանությունը հրաժարական չի տալիս, ապա ինչ-որ մի բան պետք է աներ. այս իրավիճակն այսպես երկար չէր կարող ձգվել»:

Մեկշաբաթյա լռությունից հետո մեր զրուցակիցը հայտարարում է` իր համար անթույլատրելի է, որ սոցիալական ցանցերում «բնակվող» մեր հասարակության մի մեծ հատվածը կարծիք լսել չի ցանկանում. «Եթե իր կարծիքն ամբողջությամբ չես կիսում, ուրեմն դու վատն ես, ստոր եւ դավաճան: Ես որոշեցի լռել, քանի որ ոչ մեկի ջրաղացին չէի ցանկանում ջուր լցնել: Ուշագրավ էր հետեւել, թե այս ընթացքում ժողովրդի ու այս կամ այն կողմին սատարող վերլուծաբանների տրամադրություններն ինչ ուղղությամբ էին զարգանում, փոփոխվում: Ի դեպ, բոլոր վերլուծաբանները չէ, որ անկեղծ էին իրենց դիտարկումներում եւ հաճախ թե տղաներին, թե իշխանություններին սիրաշահելու փորձեր էին նկատվում: Բայց ես անկեղծ ասում եմ` չեմ ընդունում զենքով հարցեր լուծելու գործելաոճը: Մեր երկիրը շատ փխրուն վիճակում է, եւ որեւէ ճնշում կարող է տանել պետականության կորստի: Այս օրերին մեր պետականության հիմքերը խիստ թուլացան, ու դա տեսանելի է նաեւ թե արտասահմանյան մամուլի հրապարակումներից, թե տարբեր վերլուծաբանների կարծիքներից: Անկախ նրանից` այս իշխանությունից գոհ ենք, թե դժգոհ, պետք է մտածենք մեր պետականության հիմքերի պահպանման ու ամրացման ուղղությամբ:

Ոչ ոք չի վիճարկում ժողովրդի արդարացի դժգոհության առկայությունը: Ու այս համախմբման պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ փորձեցին այսպես երկրում ինչ-որ բան փոխել: Ժողովուրդն, ըստ էության, արտահայտեց իր կարծիքն իշխանության նկատմամբ եւ բարեփոխումներ է պահանջում: Իշխանությունը պետք է հետեւություն անի, քանի որ այս վիճակը երկրում երկար պահպանել հնարավոր չէ: Եթե այս իշխանությունը մնում է, ուրեմն Հայաստանում պետք է արդարության սկզբունքները վերականգնվեն, պիտի արդար դատական համակարգ ունենանք, մարդիկ պետք է երկրի ապագայի հետ հույս կապեն` մնալով այստեղ: Կառավարման նման մոդելով շարունակել այլեւս հնարավոր չէ: Վերջին օրերի իրադարձություններն, ըստ էության, հայելի էին, թե ինչ վիճակում է երկիրը, ինչ տրամադրություններ ունի ժողովուրդը, ինչ պետք է անի իշխանությունը»:

Մեր դիտարկմանը, որ յուրօրինակ հայելի էր նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմը, որից իշխանությունը հետեւություններ ու պատշաճ քայլեր չարեց. կա՞ երաշխիք, որ հիմա հետեւություններ կարվեն, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց` երաշխիք չկա, բայց եթե իշխանությունն ուզում է մնալ իշխանության, պարտավոր է հետեւություններ անել: Ըստ նրա՝ ապրիլյան պատերազմը նաեւ ցույց տվեց մեր ժողովրդի հասունության աստիճանը, որը երկիրն ու պետությունը տարբերում է իշխանությունից: «Նման արժանապատիվ ժողովրդին պետք է լուրջ վերաբերվել: Եթե չորսօրյա պատերազմից հետո հետեւությունները մեզ համար տեսանելի չէին, ապա գոնե հիմա, այս իրավիճակից հետո, որն ինչ-որ ձեւով հանգուցալուծում կստանա, հուսով եմ՝ առանց զոհերի, իշխանությունը պարտավոր է հետեւություններ անել, հակառակ դեպքում կլինեն նոր բռնկումներ, սա մարվեց, մեկ այլ տեղում այլ դժգոհություն կառաջանա: Չի կարելի երկիրն անընդհատ ցնցումների մեջ պահել: Ժողովուրդն իրավունք ունի իր երկրում ապրելու եւ ապագա տեսնելու»:

Հարցին` ինչո՞ւ չփորձեցիք Խորենացի փողոցում հավաքված ժողովրդի մոտ գնալ, հարթակ բարձրանալ, մեր զրուցակիցն ասաց. «Ինձ համար անընդունելի է նման կերպ իշխանափոխության իրականացումը: Դա մեզ որեւէ լավ հանգրվանի չի բերելու: Եվ եթե չեմ կիսում այդ գործելաձեւը, ինչպե՞ս կարող էի այնտեղ լինել, ի՞նչ պիտի ասեի հարթակից: Այնտեղ հավաքվել էր ժողովրդի այն հատվածը, որն ուզում էր լսել այն, ինչին ինքը ձգտում է: Ես ողջունում եմ մեր ժողովրդի վճռականությունը սահմանների պահպանման հարցում, պատերազմի ժամանակ ամուր կանգնելու, ես չեմ կարող մեղադրել ժողովրդին նաեւ իր պահանջների համար, բայց անկախ նրանից, թե որքան ինձ կքննադատեն, կարծում եմ՝ ճանապարհ չէր, որն ընտրել էին տղաները: Ես չէի կարող կարծիքս հարթակից հայտարարել, քանի որ այն հավաքվածներից ոչ մեկի համար ցանկալի չէ: Շահարկումներ այդ հարթակում շատ եղան, տարբեր քաղաքական ուժեր փորձեցին իրենց անտեսվածությունը լրացնել. դա իմ գործելաոճը չէ»: Շատ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք հանդգնեցին այցելել Խորենացի փողոց, արժանացան հավաքվածների քննադատություններին, անգամ պիտակավորումներին ու վիրավորանքներին:

Հարցին` ի՞նչ հետեւություններ դրանից արեցիք, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Շատ վատ է, որ ունենք մի խորհրդարան, որի նկատմամբ ժողովուրդը վստահություն, հարգանք չունի: Ժողովուրդն իրավունք ունի դժգոհելու, բայց պատգամավորների հասցեին այս օրերին հնչած ձեւակերպումները պետք չէր տարածել բոլորի վրա: Ինքս, համենայնդեպս, միշտ ասել եմ այն, ինչ մտածել եմ, եւ երբեւէ չեմ ասել մի բան, որին ինքս չեմ հավատում, չեմ անում այն, ինչը կարող է վնասել մեր պետականությանը: Ժողովուրդը, կարծում եմ, այս սթրեսից դուրս կգա եւ կսկսի ավելի առողջ մտածել: Բայց շատ դժվար է առողջ մտածել, երբ ստամոքսդ դատարկ է: Ես չեմ կարծում, թե պատգամավորներից որեւիցե մեկը իրավունք ունի ժողովրդից նեղանալու: Մենք խնդիր ունենք ապացուցելու, որ ժողովրդի հետ ենք, սադրանքների չենք գնալու, կարողանում ենք հասկանալ մարդկանց հոգսը: Միաժամանակ, հասկանալով հանդերձ ժողովրդի ծանրագույն վիճակը, ինքս երբեւէ չեմ անի քայլեր ու հայտարարություններ` ընդամենը ժողովրդին ձեւական սիրաշահելու համար, չեմ ասի այն, ինչ ամբոխը պահանջում է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Երեկ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ստորագրահավաք է նախաձեռնել` ստեղծված իրավիճակի հետ կապված խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու համար: Անհրաժեշտ է 44 ստորագրություն: Լյուդմիլա Սարգսյանը եւս ստորագրել է: Երեկոյան ժամը 22.30-ի դրությամբ ձեւաթուղթը 7 պատգամավոր էր ստորագրել` «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, ՀԱԿ խմբակցությունից Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Զուրաբյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը:

 

«Առավոտ»

28.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031