Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժիրոյի գործով» երկարացվել է մեղադրյալներից մեկի կալանքի ժամկետը

Հուլիս 29,2016 14:00

Իսկ Խորենացու փողոցից բերման էին ենթարկել
մեկ այլ քաղաքացու՝ կասկածելի մորուքի պատճառով

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արսեն Մկրտչյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ երեկ տեղեկացրեց, որ նախորդ օրը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարացրել է մասնագիտությամբ նկարիչ Հովհաննես Պետրոսյանի կալանքի ժամկետը: Այսինքն՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը:

Հովհաննեսը երկու ամիս է՝ անազատության մեջ էր, եւ «Ժիրայր Սեֆիլյան եւ մյուսներ» գործի շրջանակներում ավելի վաղ էր կալանավորվել: «Սիրունյան Ալիկի գրասենյակի փաստաբանների հետ բավական խորը հիասթափություն ապրեցինք մեր դատական համակարգի նկատմամբ,-ասաց Ա. Մկրտչյանը,- այն պահին, երբ կոչ է արվում «Սասնա ծռերին» հանձնվել, զենքը վայր դնել, դեպի հաշտեցում տանելու, քրեական պատասխանատվությունից ազատելու մասին, տեղի են ունենում կալանքի երկարաձգումներ: Եթե լինեի «Սասնա ծռեր» խմբի անդամների փաստաբանը, իմանալով Հովհաննես Պետրոսյանի կալանքի երկարացման մասին, նրա նման եւս մեկի կալանքի մեջ պահելու մասին, կասեի, կհորդորեի՝ շատ կոշտ լինել «համագործակցություն» հասկացության, ԱԱԾ-ի կամ քննչական կոմիտեի տված երաշխիքների նկատմամբ: Կալանքների երկարաձգումը խոսում է այն մասին, որ անկախ նրանից, թե գործում դու ինչ մասնակցություն ես ունեցել, ոնց ես քեզ դրսեւորել, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուն համապատասխան ես, թե համապատասխան չես, ամեն դեպքում, եթե առնչություն ունես մի գործի հետ, որը հնչեղություն ունի, ապա քո կալանքի կամ քո հանդեպ դրսեւորվող պետության վերաբերմունքը մեղմ չի կարող լինել: Ասվածս ապացուցվեց Հովհաննեսի գործով»:

Ի դեպ, Հովհաննես Պետրոսյանին կալանքի տակ պահելու հիմնավորումն այն է, որ մեղադրվում է մի հոդվածով, որ ազատազրկման ձեւով պատիժ է նախատեսվում: Ըստ փաստաբանի. «Այդ հիմնավորումը շատ քիչ է, չի կարող հիմք հանդիսանալ, որ անձին վերցնեն, անպայման կալանավորեն՝ հաշվի չառնելով մնացած այլ հանգամանքները»:
Ա. Մկրտչյանն ասում է, որ դատական նիստի ժամանակ էլ հայտարարել է, որ երբ կա հաշտեցման, խաղաղ բանակցությունների խնդիր, ապա ինչպես պիտի հավատան հենց իրենք՝ փաստաբանները, պետության տված երաշխիքներին:

«Շատ մեծ էր ցանկությունս նիստից հետո գնալ Խորենացի՝ որպես փաստաբան, որպես ապրիլյան դեպքերին գտնված մեկը, դիմել, հորդորել, որ «Մեծ» գործերով չես կարող ասել՝ հավատացեք, զենքերը վայր դրեք, գնացեք, քանի որ իրավական հարթության մեջ տրված երաշխիքները հիմնավոր չեն»:

Ինչ վերաբերում էր ՊՊԾ գունդը վերցնելուց հետո վերջին 10 օրերի ընթացքում փաստաբանին ցուցարարների հարազատների, ցուցարարների դիմելուն, Ա. Մկրտչյանն ասում է, որ դիմել են իրեն հիմնականում բերման ենթարկվելու պահին ու ձերբակալումից հետո: Մինչեւ ձերբակալվելը երեք ժամվա ընթացքում:

«Շատ ժամանակ գործը չի հասել ձերբակալման: 8 դեպք ես ունեմ, երբ ինձ դիմած վստահորդներս բերման էին ենթարկվել, սակայն նրանք նախազգուշացվել եւ բաժիններից բաց են թողնվել: Թերեւս եղած դեպքերից առանձնակի խախտումներով երկուսն էին: Մասնավորապես, Մայիլյան Տիգրանին բերման էին ենթարկել Խորենացու փողոցից, բացարձակապես առանց հիմքի ու հիմնավորման: Տարվել էր Ավան եւ Նոր Նորք ոստիկանության բաժին, մինչ այդ նրա նկատմամբ ձերբակալման որոշման արձանագրությունը կազմվել էր, եւ հանդիպեցի խոչընդոտի: Նման խոչընդոտի հանդիպեց նաեւ իմ գործընկեր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսսա Պետրոսյանն էլ: Արգելվեց ընդհանրապես մեզ ոստիկանության շենք մուտք գործել, ստիպված ենք եղել սպասել, մինչ բարձրացել եմ վստահորդիս մոտ, վստահորդիս համար արձանագրություն կազմվեց, իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ Խորենացու փողոցից բերման ենթարկվածը Ավան եւ Նոր Նորք բաժնում ձերբակալման որոշումը կազմվելուց հետո, հայտնվեց ոստիկանության Աբովյան քաղաքի ժամանակավոր պահման մեկուսարանում՝ «կէպէզէում»:

Ըստ փաստաբանի. «Քանի որ քաղաքում արդեն տեղ չկար, Մայիլյան Տիգրանին տեղափոխեցին Աբովյան: Դրա հաջորդ օրը խոսեցի քննչական խմբի ղեկավարի հետ, ասացի, որ ներգրավվել եմ ձերբակալման որոշման հետ կապված Տիգրանի գործով, որպես պաշտպան: Երբ հայտնվում ենք քննիչ-փաստաբան շփման եզրույթում, այստեղ խնդիր չենք ունենում: Օրինականությունը վերականգնվում է»:

Jiroi_gorc-2

Տիգրանն ազատ է արձակվել 1 օր պահվելուց հետո:

Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Մի այլ արտառոց դեպք էլ տեղի է ունեցել Արտակ Անտոնյանի հետ կապված: Կեսգիշերին նրա ընկերները դիմել էին փաստաբան Ա.Մկրտչյանին. «Նրանք ասացին, որ փողոցում կասկած է հարուցել այն, որ նա մորուքով էր: Երիտասարդը սխալվել էր, թույլ էր տվել «խախտում». Խորենացու փողոցի մոտակայքում ոչ վանկարկել էր, ոչ դիմել գործողությունների, ընդհարումների, ընդամենը երեսին ունեցել էր մազեր:
Տարել էին Ավան եւ Նոր Նորք ոստիկանության բաժին, անհասկանալի պատճառով տեղափոխել էին Էրեբունու ոստիկանության բաժին: Այնտեղ էլ, երբ ես գնացի եւ ներկայացա որպես Արտակի վստահորդի պաշտպան, ոստիկանության պետավտոտեսչության աշխատակիցն ինձ ասաց, թե արգելում է գնալ Ձեր վստահորդի մոտ: Զանգեցի տեղում 1-02, ասելով, որ ունեմ հաղորդում հանցագործության մասին, ինձ թույլ չեն տալիս վստահորդիս մոտ գնալ, դա արդարադատության դեմ ուղղված հանցագործություն է: Հերթապահը լսեց, պատասխանելով՝ պարոն Մկրտչյան, դա Ձեր անվտանգության շահերից է բխում»:

Փաստաբանը հարց է տվել՝ «Եթե ես անվտանգ չեմ, ապա իմ վստահորդի անվտանգությունը պատկերացնո՞ւմ եք»:

Կապվել է ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբի հետ, խոսելով պարոն Ներսիսյանի հետ՝ տեղեկացնելով իրավիճակը: Խոստացել է աջակցել: Ապա Արտակի հեռախոսով զանգել է մի ոստիկան, որին փաստաբանը չի ճանաչել, ասելով՝ «ախպերս, հեսա բաց եմ թողնում, պարտավորագիր վերցնեմ, որ ինքը տեռորիզմին դեմ է ու բաց թողնեմ: Ասում եմ՝ վստահորդս առանց ինձ որեւէ բան չի ստորագրելու: 15 րոպե հետո վստահորդիս բաց էին թողել, առանց ստորագրության»:

Փաստաբանը կրկին զանգել է 1-02, ասել՝ հաղորդումը թողեք անհետեւանք, քանի որ դա իր վստահորդի ցանկությունն էլ է. «Երեւույթները համատարած էին: Դա մեկը, երկուսը չէին»:
Ի դեպ, հիշեցնենք՝ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել փաստաբանների ու լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի հետ կապված:
«Երեւույթը ընդհանրապես պետք է վերանա, փաստաբանն իր գրքույկով պետք է անարգել կարողանա բաժին մտնել, իրավաբանական օգնություն ցույց տալ իրեն դիմածին»,- ասում է Ա. Մկրտչյանը:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարները՝ հեղինակի

«Առավոտ»

28.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031