Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կամ թանկ, կամ անվճար»

Հուլիս 29,2016 13:30

Գյումրեցի երիտասարդ դիզայներն այս սկզբունքին է դավանում

Բոլոր հասարակարգերում հագուստը որոշիչ է եղել անձի զբաղեցրած դիրքի, մասնագիտության, ունեցվածքի, ճաշակի, տրամադրության առումով: Հայերս ասացվածք էլ ունենք. շոր տուր՝ շնորհք տամ: Օրինակ, Ռուսաստանի հանրային հեռուստատեսությամբ վերջին տասնամյակում շաբաթը 5 անգամ հեռարձակվում է Модный приговор հաղորդաշարը: Սա խոսում է այն մասին, որ երկիրն էլ է հասկանում, որ իր դեմքը նաեւ քաղաքացու հագուկապն է: Իսկ հագուստը մշտապես ենթադրում է նորաձեւություն, ինչն էլ իր հերթին՝ շոշափելի գումար:

Նորաձեւության ոլորտում հայտնի Վերսաչի ընտանիքի անդամները կարիերայի սկզբում նույնիսկ նվիրատվություններ են արել թե բարձրաշխարհիկ ընտանիքների անդամներին եւ թե շոու-բիզնեսի ներկայացուցիչներին: Հենց այս իտալացի կուտուրյեների օրինակով է առաջնորդվում հագուստի դիզայներ Միշա Պողոսյանը, որի անունը վերջին շրջանում շատ է հոլովվում Գյումրիում:

Misha_Pogosyan

«Առավոտի» հետ զրույցում նա ասաց. «Ստեղծագործական ոչ երկար ճանապարհիս սկզբում կենտրոնացել էի երեկոյան զգեստների վրա: Եթե նպատակս լիներ աշխատանքներիս իրացումը, բնականաբար, շուկայի պահանջների հետ հաշվի կնստեի: Բայց գյումրեցի կնոջ մեջ, որն իր ուսերին է կրում առօրյա հոգսերը, կարծես կորել է կամ խամրել բնատուր գեղեցկությունը: Սկզբնական շրջանում իսկապես դժվար էր աշխատել հաճախորդների հետ, որոնց մեջ կան ոչ միայն շարքային գյումրեցիներ, այլ հանրային դեմքեր եւս: Ես համառեցի, սկսեցի նույնիսկ հակառակվել նրանց, ինչը գոնե իմ դեպքում, բերեց, ինչպես ընդունված է ասել՝ շոշափելի արդյունքի»:

Հետաքրքրությանը՝ կոնկրետ պետական աջակցություն կամ ներդրում կա՞ իր աշխատանքում, դիզայները հավաստիացրեց, թե ցանկալի է, որ դա լինի, բայց այն չենթադրի պարտադրանք, ստեղծագործական շրջանակների սահմանափակում: Դիտարկմանը, թե Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղ գործում է նաեւ Գյումրիում, բայց եթե այսօր խոսք է գնում նորաձեւության մասին, ապա առաջինը հնչում է Միշայի անունը, արվեստագետը նախ նշեց, թե ոչ միայն Գյումրիում, այլ նաեւ Հայաստանում, ցավոք, գերակշռում է «սոված հասարակությունը», եւ այսօր խոսել բարձր նորաձեւության մասին՝ ծիծաղելի է: Այլ բան է, որ ընտրել ես այս ոլորտը եւ պետք է քայլ առ քայլ առաջ գնաս, ինչը կերեւա միայն համաքաղաքացիներիդ՝ ճաշակով ու նորաձեւ հագնվելու դեպքում:

Misha_Pogosyan-3

Ինչ վերաբերում է Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի շրջանավարտ մոդելավորողներին, մեր զրուցակցի հավաստմամբ՝ նրանք դեռեւս չեն երեւում, գուցե բիզնես հմտություններին չտիրապետելու կամ պարզապես համարձակության պակասի պատճառով:

«Նորաձեւությունն էլ մեր երկրում երիտասարդ ոլորտ է: Ցավոք, Հայաստանում մոդա կոչվածը թելադրում է հիմնականում Թուրքիայից բերված գործվածքները, հենց դրանք են ձեւավորում գունային կամ նախշային մերօրյա պահանջները: Մինչդեռ քաղաքակիրթ երկրներում նորաձեւությունը առանձին կայացած, հզոր արդյունաբերություն է, որտեղ էլ ստեղծագործում են այդ գործի հանճարները: Եվ հենց կուտուրյեներն են իրենց մոտ թելադրում կտոր արտադրողին, իրացնողին, նրանք իրենց խոսքն ունեն ոչ միայն իրենց երկրի, այլեւ համաշխարհային նորաձեւության ասպարեզում: Պարզ է, որ հայերս չենք կարող օտարերկրացի կուտուրյեների օրինակով մեզ ճոխություն թույլ տալ:

Առավելագույնը, որ կարող ենք անել, դա մեր՝ դիզայներներիս ճաշակով գործվածքների ներկրումն է, որը դարձյալ մեծ ծախսեր է պահանջում, մանավանդ՝ սկսնակ դիզայների համար…»,- հայտնեց մասնագետը: Հետաքրքրվեցինք՝ ելնելով ձեր խոսքից՝ չունեք մեծ հնարավորություն, բայց մեզ հասած տեղեկություններով՝ նորաձեւությունը զուգահեռում եք մշակութային այլ արտադրությունով նույնպես: «Սեփական միջոցներով, իհարկե՝ ընտանիքիս աջակցությամբ, հիմնել եմ տիկնիկագործության արտադրություն եւ սեպտեմբերին մեր տիկնիկները կհայտնվեն հայկական շուկայում, իսկ հոկտեմբերին՝ ԱՄՆ-ում եւ Լեհաստանում: Նշեմ, որ մշակույթի տարբեր ոլորտներում գործող հայաստանցի որոշ արվեստագետների օրինակով արտասահմանյան այս գործունեությունը ես նույնպես իրականացնում եմ այնտեղ բնակվող ու ստեղծագործող ընկերներիս աջակցությամբ»:

Misha_Pogosyan-4

Զրույցի ընթացքում Միշա Պողոսյանն ասաց, որ իր գործունեության ընթացքում առաջարկ եղել է մեկ մեծահարուստի կողմից, բայց մերժել է, քանի որ վերջինս թելադրել է իր պայմանները, ավելին՝ պնդել, որ երիտասարդը պետք է հիմնի սերիական արտադրություն: Միշայի ձեւակերպմամբ՝ նորաձեւության ոլորտում գերհասանելիությունը արժեք չի կարող տալ: Նա հավելեց նաեւ, թե իր սկզբունքն է՝ աշխատանքի դիմաց կամ թանկ վճարվի, կամ երբեմն պատրաստ է ստեղծագործել անվճար: Հավաստիացրեց, որ վերջին պայմանը հաճախ է կրկնվում իր թեեւ կարճ գործունեության ընթացքում, մանավանդ որ՝ այսօր գյումրեցի կինը չունենալով հնարավորություն, այնուամենայնիվ, ձգտում է ընդգծել իր անհատականությունը, կերպարը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

28.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031