Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՁԱԿ

Հուլիս 29,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ քառասուներեքերորդ

ԱՐՁԱԿ

Եվ Վարուժը զարմացած հարցրեց՝ «էդ ե՞րբ  ես պատմվածք գրել, որ ես չեմ իմացել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Սովետի վախտ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա ինչի՞ չես տպագրում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «տպագրել եմ», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ ես տպագրել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «Սովետի վախտ», եւ Վարուժն ավելի զարմացած հարցրեց՝ «որտե՞ղ ես տպագրել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Գրական թերթում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես «Գրական թերթ» միշտ կարդում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հետաքրքիր ա, որ էդ պատմվածքդ չեմ կարդացել», եւ ես ժպտալով ասացի՝ «կարող ա կարդացել ես ու մոռացել ես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես իմ կարդացածները չեմ մոռանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ՝ ընկերներիս գրածները չեմ մոռանում» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «էդ պատմվածքդ ինչի՞ մասին էր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մեր Մետաքսի թաղային լիազորի», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «էն բիձե՞ն, որ հարեւանների վրա մատերիալներ էր գրում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «հիշեցի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «զարմանում եմ, որ մոռացել էի», եւ ես ժպտալով ասացի՝ «ես քո արձակը հիշում եմ, բայց դու իմը մոռացել ես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ իմ արձակը Մինասի մասին ա, իսկ քոնը՝ էդ կլյաուզնիկի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «էդ կլյաուզնիկի մասին գրածս որոշ մարդիկ հավանել էին», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմի հիշեցի, որ ես էլ էի հավանել», եւ ես ժպտալով ասացի՝ «գիտեմ», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «որտեղի՞ց գիտես», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «դու ես ասել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ հիշում, որ ասել եմ», եւ ես ժպտալով ասացի՝ «ես հիշում եմ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պարզ ա, որ չէիր մոռանա» եւ մի քիչ էլ  մտածեց ու ավելացրեց՝  «եթե իմ մակարդակի նկարիչը պատմվածխդ հավանել ա, պարզ ա, որ չէիր մոռանա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «եթե քո մակարդակի արձակագիրն ա պատմվածքս հավանում, էդ ընդհանրապես մոռանալու բան չի», եւ Վարուժը փռթկացնելով ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ուրիշ ովքե՞ր են էդ պատմվածքդ հավանել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Հրանտն էլ ա հավանել», եւ Վարուժը  զարմացած հարցրեց՝ «ո՞ր Հրանտը», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «Մաթեւոսյան», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ճիշտ ե՞ս ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «կարաս իրան հարցնես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ասում ես, հավատում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, էրկու մեծ արձակագիրներ պատմվածքդ հավանել են», եւ ես փռթկացնելով ասացի՝ «ըտենց ա ստացվում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «բա ինչի՞ էլ արձակ չես գրում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ես էդ նույն հարցը կարամ քեզ տամ», եւ Վարուժը  մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իմ արձակն ընդամենը մի հատ մեծ արձակագիր ա գովել, իսկ քոնը՝ էրկու»,  եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ ինձ էլ մեծ արձակագիր հաշվես, քոնն էլ կըլնի էրկու» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «քանի որ իմ արձակն էրկու մեծ արձակագիրներ են գովել, ինձ հանգիստ խղճով կարաս մեծ արձակագիր համարես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝  «ասածիդ մեջ ահագին տրամաբանություն կա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուզենք թե չուզենք, մի օր էլի արձակ ենք գրելու», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հնարավոր ա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ թե հնարավոր ա, այլ անխուսափելի ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էն հնարավորությունը, որ արձակն ա տալիս, ուրիշ ոչ մի ժանր չի տալիս», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «եթե էդ հասկացել ես, ուրեմն իսկական արձակագիր ես», եւ Վարուժը մի  քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մերսի ուշացած գնահատականի համար», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «շուտ էլ եմ գնահատել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «Հրանտն ավելի շուտ ու ավելի բարձր ա գնահատել»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031