«Միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկումը տնային պայմաններում կարեւոր արդիական եւ անհրաժեշտ է: Նրանք ամենախոցելի խավն են եւ կարիք ունեն նման հոգածության: Մեծ բացթողում էր, որ տարեցները եւ տնային տնտեսուհիները իրազեկված չեն, որ գոյություն ունի նման բյուջետային ծրագիր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն` անդրադառնալով Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնը եւ Օքսֆամ հայաստանյան գրասենյակի ներկայացրած «Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում» բյուջետային ծրագրի անկախ գնահատման արդյունքներին :
Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ շահառուներին պայմանագրերն ու օրագրերը չկան, մինչդեռ դրանք անհրաժեշտ են, որպեսզի տարբեր խմբերին ուղղված սպասարկումները տարբերակված լինեն. «Ըստ այդ տեղեկությունների տարբեր սոցիալական աշխատողները պետք է կարողանան տարբերակված, առավելագույն եւ որակյալ ծառայություններ մատուցել: Հստակ պետք է տարբերակվի, թե ո՞ր տարեցին ինչպիսի՞ սպասարկում է հարկավոր եւ ինչպե՞ս պետք է գան գումարները: Եվ, մյուս հարցը, որ սոցիալական ծառայողների թիվն անհամեմատ ավելի քիչ է, ի համեմատություն այն շահառուների, որոնք իրենց սպասարկում են»:
Այլընտրանքային գնահատումը, որը կատարվում է հասարակական կազմակերպությունների կողմից, ըստ մեր զրուցակցի, իսկապես անհրաժեշտ է եւ հնարավորություն է տալիս շտկելու այն սխալները, որոնք կան համակարգում եւ քաղաքականության մեջ, նաեւ`հասարակական հատվածի եւ կառավարության կապն ապահովելու եւ քաղաքականության եւ մատուցվող ծառայությունների որակ ապահովելու տեսանկյունից:
Հարցին` նախորդ հետազոտություններից հետո որքանո՞վ էր նախարարությունը պատրաստակամ աշխատել, որքանո՞վ հաշվի նստեց այդ արդյունքների հետ, քանի որ բավական աղմուկ բարձրացավ Ձեր արած այն հայտարարությունից հետո, որ իրականում Հայաստանում ծայրահեղ աղքատությունը հնարավոր է կրճատել, բայց պետական միջոցները Հայաստանում ոչ միշտ են արդարացի բաշխված եւ ոչ միշտ են պետական ծրագրերը նպատակաուղղված աղքատության հաղթահարմանը, Մարգարիտա Հակոբյանն ասաց, որ նախորդ հետազոտությունը բավական լուրջ էր եւ արձագանք գտավ ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունում. «Հետազոտող կազմակերպությունը հրավիրվել են քննարկելու առաջարկները, քանի որ դրանք իսկապես համապատասխանում էին իրականությանը եւ բավականին ուժեղ էին:
Կարդացեք նաև
Ընտրանքի սխալը, որ 44 տոկոս մարդիկ, ովքեր չպիտի ստանային այդ նպաստներից, ստանում էին, իսկ 50 տոկոսը, որոնք պետք է ստանային, չէին ստանում նպաստները: Երկխոսությունը, որին ձգտում էինք կայացավ: Ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են նախարարության ներկայացուցիչները եւ մեր գործընկեր Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնից: Աշխատանքներ են ընթանում` փոփոխությունների համար: Բյուջետային միջոցները թույլ են տալիս հինգ անգամ կրճատել ծայրահեղ աղքատությունը, մինչդեռ բարձր ցուցանիշ ունենք: Սա հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ ուղղորդելու եւ հաշվետու լինելու բյուջետային միջոցների օգտագործման համար»: Այս դեպքում է, ըստ մեր զրուցակցի, նախարարությունը պատրաստակամ է համատեղ աշխատել եւ արդյունքների հասնել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ