Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակներով ֆլեշմոբ Գյումրիում՝ ի պաշտպանություն Լևոն Բարսեղյանի

Հուլիս 28,2016 22:50

Գյումրու «Գալա» հեռուստաընկերության անձնակազմը ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին ձերբակալելու ու նրա տաբատի գրպանից ծալովի դանակ հայտնաբերելու առթիվ քրեական գործ հարուցելու դեմ իրենց բողոքն այսօր արտահայտել են ինքնատիպ ձևով: Նրանք դանակներով ֆլեշմոբ են կազմակերպել «Ասպարեզ» ակումբում՝ մամուլի ասուլիս հրավիրելով ու զավեշտալի այս գործի կապակցությամբ իրենց դիրքորոշումն արտահայտելով:

Asparez

«Գալա»  հեռուստաընկերության լրագրող, «Գալա» կուսակցության մամլո խոսնակ, վարչության անդամ Արմենուհի Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նաև ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի նկատմամբ: Նաև հայտարարություն ենք տարածել՝ նշելով, որ իրավիճակի էսկալացիան հանրապետությունում ու, մասնավորապես Գյումրիում կարող է հղի լինել լրջագույն վտանգներով, ուստիև գտնում ենք, որ ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա: Իհարկե, ցանկացած անխոհեմ քայլ իշխանությունների կողմից կարող է ոտքի հանել գյումրեցիներին, որոնք այս ընթացքում պարզապես հետևողի կարգավիճակում են: Սակայն գիտենք, թե ինչ կարող է լինել, երբ ոտքի է կանգնում գյումրեցին, ուստի թող զերծ մնան նման անհիմն, շինծու, ծիծաղ առաջացնող քայլերից, որովհետև սա ցանկացած քաղաքացու նետված մարտահրավեր է, որ յուրաքանչյուրիս՝ մեր, ձեր բնակարանի դուռը կթակեն, ներս կմտնեն, կարող են զրկել ազատությունից՝ անհիմն, հիմար մեղադրանքներով: Գտնում ենք, որ հետապնդումը քաղաքական է, այսօր մտածեցինք ևս մեկ ակցիա՝ ի պաշտպանություն Լևոն Բարսեղյանի:

Այսօր ամբողջ օրը մեր եթերը ժամանակ առ ժամանակ կընդմիջվի, էկրանին կհայտնվի Լևոն Բարսեղյանի լուսանկարը՝ ազատ արձակելու պահանջով և վազող տողով պարբերաբար կլինի տեղեկություն, որ ի նշան բողոքի ենք անջատել եթերը: Եվ մեր պահանջն է անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը և անհապաղ ազատ արձակել Լևոն Բարսեղյանին: Հետապնդումը համարում ենք քաղաքական, նաև նրա փաստաբանը հայտնեց այն մտահոգությունը, որ ազատազրկման նպատակը նրան մի քանի օր բողոքի ակցիաներին մասնակցելու հնարավորությունից զրկելն էր: Զրկեցին մի քանի օր, սակայն պետք է լինեն այնքան ողջամիտ ու խոհեմ, որ հասկանան՝ սրանով իրավիճակի լարման են գնում նաև Գյումրիում, որովհետև Լևոն Բարսեղյանը նաև գյումրեցի է: Պետք է հաշվի առնեն բոլոր ռիսկերը ու զերծ մնան անխոհեմ քայլերից»:

Մեր զրուցակիցը իշխանություններից հիշեցրեց գյումրեցիների բողոքի ակցիաները, մասնավորապես Ավետիսյանների սպանության ժամանակ գյումրեցիների ընդվզումը, երբ, ըստ Արմենուհի Վարդանյանի, իշխանության ոչ ներկայացուցիչ չէր կարող դառնալ միջնորդ, կասեցնել գյումրեցու զայրույթն ու պոռթկումը:

«Շատ վտանգավոր է, ես վստահ եմ, որ իշխանությունները վախենում են գյումրեցու ընդվզումից, ուստև գյումրեցու ընդվզմանը չբախվելու համար թող խոհեմ լինեն, թող մտածված գործողություններ անեն ու  այս ձևով չփորձեն իրավիճակի էսկալացիայի գնալ»,- ասում է Արմենուհի Վարդանյանը: Ըստ  մեր զրուցակցի, հուլիսի 17-ից առաջ  մենք ապրում էին բոլորովին այլ Հայաստանում:

«Եթե մինչև հուլիսի  17-ը իշխանությունները միֆ էին ստեղծել իրենց համար վարդագույն Հայաստանի ու այդպես էին ներկայացնում Հայաստանը միջազգային տարբեր կազմակերպությունների, աշխարհի առաջ փորձում էին դեմոկրատ երևալ, ցույց տալ, որ այստեղ ունենք բարեփոխված դատական համակարգ, բարեփոխված ոստիկանական համակարգ, գործ ունենք վերապատրաստված ոստիկանների, հրեշտակների հետ, ունենք ազատ մամուլ, ժողովրդավարական երկիր և այլն, հուլիսի 17-ը պատռեց դիմակները կայծակնային արագությամբ ու ցույց տվեց, որ մենք բոլորվին այլ Հայաստանում ենք ապրում: Իրականում ոստիկանությունը բիրտ է, որևէ վտանգ, որ կսպառնա իշխանություններին կտրել իրենց կերակրատաշտից, պատրաստ են ատամներով պահել այն, գործի դնել ոստիկանական մահակը, բռնությունը, իրենց վերահսկողության տակ աշխատող լրատվամիջոցների ողջ պոտենցիալը՝ իրավիճակն աղավաղելու, խեղաթյուրելու:

Այնպես որ մենք ապրում ենք այն իրական Հայաստանում, որտեղ ապրել ենք հուլիսի 17-ից առաջ, պարզապես հիմա արդեն իշխանությունները դժվարություններ են ունենալու աշխարհին ինչ-որ բան ցույց տալու: Ցույց տալու, որ իրականում իրենք միլիարդավոր դոլարները, վարկային միջոցները ծառեցրել են ոչ թե հանուն որոշակի բարեփոխումների, այլ իրենց հարստացմանն ու բարեկեցությանը: Սերժ Սարգսյանը նաև ոստիկանությանն է փորձել ամրակցել, որպեսզի ցանկացած պահի կարողանա մահակով ճնշել ոտքի ելած, բողոքի իր ձայնը բարձրացնող քաղաքացուն»,- ասում է Արմենուհի Վարդանյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031