Ազատության հրապարակում հավաքվածներին այսօր հաջողվեց փակել Ֆրանսիայի հրապարակը, 30-40 րոպե անց ցուցարարները կրկին վերադարձան Ազատության հրապարակ, սակայն այսօր Խորենացի փողոց չգնացին: Չնայած անձրեւին՝ մարդիկ չեն հեռանում:
Համակարգող խորհրդի անդամ, « Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ նախատեսել էին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը երթին, բայց, քանի որ բոլորը թրջվել են, ու քամուց կարող է հիվանդանան, նա առաջարկեց գործողությունները շարունակել հուլիսի 29-ին:
«Որոշումը դժվար է, որ խորենացի չենք գնում, բայց պատճառն այն է, որ չհիվանդանաք եւ ընդհատում չտանք: Մեզ ներող կլինեն տղերքը, կարեւորը պայքարը չդադարի: Մենք հայ ենք, քիչ ենք, բայց, երբեմն, շատ էլ ենք լինում: Հայաստանի բոլոր բնակավայրերում պետք է սկսվեն նման ակցիաներ, սա քաղաքացիական խաղաղ անհնազանդության ձեւ է: Վաղը 19:30 կրկին հավաքվում ենք այստեղ»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը: Ապա` կոչ արեց, որ տղամարդիկ տուն մտնելուն պես մեկ բաժակ օղի խմեն, իսկ կանայք՝ մեկ բաժակ թեյ կամ գինի;
«Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ «Ժառանգության» փոխնախագահն ասաց, որ հայտնի չէ, թե իրենց գործողությունները, որքան կձգվեն, սակայն մի բան պարզ է՝ պայքարելու են մինչեւ արդյունքի հասնելը:
Կարդացեք նաև
«Այսօրվանից սկսում ենք քաղաքացիական խաղաղ անհնազանդության ակտերը, ցավոք, այսօր եղանակը շատ խանգարեց, քաղաքացիները ակտիվ են, նրանք մեզ շատ են պետք: Ըստ էության, մեր այսօրվա խնդիրը որոշակիորեն լուծեցինք՝ ամբողջովին փակելով Ֆրանսիայի հրապարակը: Ամեն օր մի նոր հնար կգտնենք, անցնում ենք ակտիվ գործողությունների, այնքան կպայքարենք մինչեւ այս ճգնաժամից դուրս գանք: Գյումրիում, Կապանում եւս արդեն սկսվել են նմանատիպ գործողություններ: Ակնհայտ է, որ մեր ազատամարտիկ ապստամբների պահանջները լեգիտիմ են եւ օրակարգային, մնում է առաջ շարժվել»:
Մարտիրոսյանն անդրադարձավ ՊՊԾ գնդի ներսում գտնվողներին՝ ասելով, որ այնտեղ երկու հարազատ մարդ ունի, որոնցից մեկը Պավլիկ Մանուկյանն էր, որն արդեն գնդի ներսում չէ: «Միջնորդավորված տեղեկություն ենք ստացել, տղաներն ամուր են, չնայած իշխանությունները հակաքրիստոնեական ջանքեր գործադրեցին, որ իրենք սնունդ չունենան, անհարմարություններ լինեն, բայց երիտասարդը, որ մտել էր ներս, իր հետ սնունդ էր տարել»:
Ցուցարարները հեռացան Ազատության հրապարակից՝ վանկարկելով «Սասնա ծռեր», եւ «Ազատ անկախ Հայաստան»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ