Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական սպասարկողները «գլուխ են պահել»

Հուլիս 28,2016 22:35

Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնը եւ Օքսֆամ հայաստանյան գրասենյակն այսօր ներկայացրել են «Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում» բյուջետային ծրագրի անկախ գնահատման արդյունքները:

Բյուջետային ծրագիրն իրականացնում են մեկ մասնավոր եւ մեկ պետական կազմակերպությունները:

Արդեն երկար տարիներ մրցույթում հաղթում է «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը: Պետական կառույցի շրջանակներում շահառուներին իրենց ծառայություններն են մատուցում շուրջ 530 պետական ծառայող: Աշխատողների քանակի բացը լրացնելու նպատակով, Համաշխարհային բանկի աջակցությամբ, Հայաստանի տարբեր մարզերում բացվում են ինտեգրված սոցիալական ծառայությունների սպասարկման կենտրոններ՝ գեղեցիկ, հարմարավետ կահավորանքով, տեխնիկական հնարավորություններով հագեցած,որտեղ քաղաքացին մեկ դիմումով ստանում է համալիր սոցիալական ծառայությունների սպասարկում: Նույնիսկ այնպիսիք, որոնք դիմումում նշված չեն:

Երկու կազմակերպությունները միասին սպասարկում են մոտ 3300 շահառուի` կենսաթոշակային տարիքի հասած եւ խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցներ եւ 18 տարեկանից բարձր հաշմանդամներ: 44 տոկոսը պետական ոչ առեւտրային կազմակերպության շահառուներն են, 56-ը` մասնավոր կազմակերպության: Շահառուներից 31 տոկոսը հանրապետության 6 մարզերից են Շիրակ, Կոտայք, Լոռի, Սյունիք, Գեղարքունիք, Արարատ, մնացած մասը երեւանաբնակ են: Ծրագիրը գյուղական համայնքներում չի իրականացվում: Ծրագրի շրջանակներում պետք է մատուցվեն կենցաղային, բժշկական սպասարկման, հոգեբանական եւ այլ ծառայություններ: Ծրագրի գնահատականները ցույց են տալիս, որ չափորոշիչների կատարման իմաստով, սոցիալական սպասարկողի կողմից ծառայությունները լիովին մատուցվել են շահառուների 26.6 տոկոսին, 39 տոկոսին նախատեսված ծառայությունները մասամբ են մատուցվել, 34.3 տոկոսին ընդհանրապես չեն մատուցվել: Սրանք, ի դեպ, զուտ քանակական ցուցանիշներ են:

Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Կարինե Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում նկատեց` ճիշտ կլինի, որ հավասարաչափ բաշխումը նպատակ դառնա: Ըստ նրա, այստեղ թերացում կա: Շահառուները տեղեկացված չեն, թե ի՞նչ հաճախականությամբ պետք է ասենք, իրենց լողացնեն կամ բնակարանը մաքրեն, կամ բժիշկ այցելի իրենց: Տարեցների անհատական օրագրեր չկան, իրենք պայմանագրերի օրինակները չունեն, որպեսզի իմանան թե ի՞նչ մասնագետի կողմից, ի՞նչ ծառայություն եւ ի՞նչ հաճախականությամբ պետք է մատուցվեն: 60 տոկոսը նշել է, որ տեղյակ չէ, թե իրեն ի՞նչ ծառայություն պետք է մատուցվի»,- ասաց մեր զրուցակիցը հավելելով, որ նախատեսված ծավալները շատ ավելին են, քան մատուցված ծառայությունները: Նաեւ` իրազեկվածության խնդիր կա: Միաժամանակ էլ նկատում է, որ մենք մշակութային խնդիր ունենք, ոչ բոլոր միայնակ տարեցները, որոնք միայնակ  են ցանկանում ծրագրի շահառու դառնալ:

«Գնահատման արդյունքները թույլ են տալիս պնդել, որ տնային պայմաններում խնամքի ծառայությունների ոլորտում պետական քաղաքականության բարեփոխումները խիստ արդիական են: Սակայն ծրագրերին հատկացվող միջոցները բավարար չեն շահառուներին որակյալ և ամբողջական ծառայություններ մատուցելու համար: Ուստի բյուջետային սահմանափակումների պարագայում շահառուների թվաքանակի կրճատումը լուծում կարող է հանդիսանալ: Փոքրաթիվ, սակայն առավել կարիքավոր տարեցներին խնամքի լիարժեք ծառայությունների մատուցումը ավելի մեծ դրական սոցիալական ազդեցություն կունենա»,- սա ուսումնասիրության հեղինակների համատեղ եզրահանգումն է:

Ուսումնասիրության հեղինակներն առաջարկում են` վերանայել բյուջետային ծրագրի կատարողական (ոչ ֆինանսական) ցուցանիշները` ընդգրկելով Ծրագրի շահառուներին և արդյունավետությունը բնութագրող ցուցանիշներ: «ՀՀ մարզերում միայնակ տարեցներին, հաշմանդամներին տնային պայմաններում և տարեցների ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալական սպասարկում» ծրագիրը տարանջատել երկու առանձին ծրագրերի՝ համապատասխանաբար առանձին սահմանելով  նաև կատարողական ցուցանիշները: Վերանայել տնային պայմաններում սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները, մասնավորապես, նվազեցնել սոցիալական աշխատող/շահառու ծանրաբեռնվածության գործակիցը՝ սահմանելով չափորոշիչների սանդղակ՝ ըստ շահառուների կենսագործունեության սահմանափակման խմբերի: Ըստ այդմ` տարբերակել նաև սոցիալական աշխատողների վարձատրությունը:  Կատարելագործել սոցիալական աշխատողի ինստիտուտը՝ ապահովելով սոցիալական աշխատողների պարբերաբար վերապատրաստման և որակաորման գնահատման համակարգեր:

Նկատենք, որ 2016 թվականին, ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման համար պետբյուջեից  տրամադրվել է 258 միլիոն դրամ, որից 143 միլիոնը ծրագիրն իրականացնող պետական կազմակերպության խողովակով, 215-ի` «Առաքելություն Հայաստանի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031