Երեկ Խորենացի փողոցից բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը բողոքի փաթեթ է պատրաստել:
Ընդդեմ ոստիկանության ապօրինի գործողությունների` նա կդիմի դատարան:
«Բողոքը փաթեթով է լինելու, վերջին օրերին ես արդեն մոտ երեք անգամ բերման եմ ենթարկվել , փաթեթում ներառելու եմ բոլոր այդ դեպքերը, ոչ միայն բերման ենթարկելու փաստերն, այլեւ իմ նկատմամբ իրականացված բռնությունները, այսինքն, մեծ փաթեթով պատրաստվում եմ իշխանությունների հետ նաեւ իրավական դաշտում կռիվ տալ»,- Aravot.am-ին ասաց Դավիթ Սանասարյանը:
Երեկ նրան բերման էին ենթարկել հուլիսի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով. «Շինծու էր երեկ մեզ բերման ենթարկելը, նպատակը մեզ ժողովրդից հեռու պահելն էր, որ չկարողանանք ինչ-որ բան կազմակերպել եւ ժողովրդից հեռու լինենք:
Կարդացեք նաև
Մեր բողոքի ակցիաները բերեցին նրան, որ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ շատ լուրջ վտանգի մեջ է իր իշխանությունը, փորձեց այդ միջոցներով մարդկանց մեկուսացնել ու ցրել բողոքի ակցիաները: Նորից տեսանք` ինչքան էլ մարդկանց տարան, ժողովուրդը կարճ ժամանակում հավաքվեց Ազատության հրապարակում, հետո երթով գնաց Խորենացի»:
Ըստ նրա, իշխանությունները պետք է հասկանան, որ այդ մեթոդներով չէ, որ պետք է խոսեն ժողովրդի հետ. «ժողովրդի հետ մեկ լեզվով կարող են խոսել, ժողովրդի պահանջներին ընդառաջ գնալով, շատ արագ փոփոխություններ իրականացնելով, եթե չասեմ միանգամից հրաժարական տալն ու իշխանությունը զիջել ժողովրդի կողմից վստահելի կառավարությանը: Տղաների պահանջը պետք է կատարվի, այլ հանգուցալուծում չեմ տեսնում, իսկ դրա հիմքերը կան արդեն 11 օր: Սասնա ծռերն իրենց քայլերն արել են, մնում է մենք մեր քայլերն անենք` ճիշտ հաջորդականությամբ ու փորձենք ստանալ այն արդյունքները, որոնց մասին տարիներ շարունակ խոսել ու երազել ենք:
Եթե իշխանություններն այս ամենը չեն հասկանում, մենք իրենց կհասկացնենք շատ կարճ ժամանակում»:
Դավիթ Սանասարյանը նաեւ պատմեց, որ երեկ իրեն բերման են ենթարկել առանց հիմնավորումների, առանց ասելու` ինչ են անում ու ինչի համար են անում. «Եթե այսօր էլ շարունակեն նման բան, իսկ ես կարծում եմ` չեն անի, որովհետեւ հասկացան, որ դրանից արդյունք չկա, հասկացան` ընդհակառակը` իրենց գործողություններն իրենց համար դեֆեկտ են, մեզ համար `էֆեկտ, բայց անկախ ամեն ինչից, եթե շարունակեն նույն գործողությունները, մենք կշարունակենք մեր գործողությունները, որովհետեւ մեզ ծեծելով ջարդելով, ոստիկանություններով չեն կարող վախեցնել»:
Դավիթ Սանասարյանի խոսքով, երեկ ինքը բերման է ենթարկվել երեկոյան 19:00-ին ու անազատության մեջ է մնացել մինչեւ գիշերը 01:30-ը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ի՞նչ է նշանակում մոտ երեք անգամ բերման են ենթարկել… 2,3 կամ 2,9 անգա՞մ…