Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր օֆշորի հայտնի գործով դատական նիստն էր: Քանի որ դատարանը գտնվում էր Խորենացի 162 ա հասցեում, ոստիկանները ամեն դատարան մտնողին ծայրից ծայր ստուգում էին, ով ես, ինչացու ես, ինչի համար ես տարածքում, գործով վկա՞ ես, փաստաբան ես:
Խորենացի տանող բոլոր զուգահեռ փողոցները փակ են: Մեքենաների ելումուտ չկա, իսկ քաղաքացիական անձանց թույլ են տալիս տարածքից բավականին հեռավորության վրա գտնվել խաչաձեւ հարցումներից, անձը հաստատող փաստաթղթեր ստուգելուց հետո:
Ավելին՝ դատական կարգադրիչներին կանչում էին, որ վերջիններս դեմքով ճանաչեին դատական գործի մասնակիցներին, նոր թողնեին դատարանին հարակից տարածք մտնել:
Կարդացեք նաև
Էրեբունու կողմից տարածքը ոստիկանները բարիկադավորել են բազմաթիվ պարկերով, տանկերով ու մեքենաներով: Տարածքում կան մարտական մեքենաներ, զինված ոստիկաններ:
Այս լուսանկարներն անելիս ոստիկանները փորձեցին խոչընդոտել՝ ո՞վ է թույլ տվել նկարել: Ավելի ուշ խնդրեցին տարածքից հեռանալ՝ ասելով. «Այստեղ կրակում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ