Լրահոս
Օրվա լրահոսը

Արևմտահայերենը վտանգված է

Հուլիս 28,2016 18:30

«Աշխարհում հաշվվում է շուրջ 2500 լեզու, որից կենսունակ է ընդամենը 500-ը: Ըստ տարածվածության՝ այսօր ամենաշատն օգտագործվում է չինարենը, որով խոսում է 1 մլրդ 200 մլն մարդ: 1 մլրդ 100 մլն մարդ խոսում է անգլերեն, 500 մլն-ից ավելի մարդ՝ իսպաներեն, 247 մլն մարդ էլ՝ ռուսերեն: Առաջին հարյուրակի մեջ ընդգրկված է նաև հայերենը, որով շուրջ 10 մլն մարդ է խոսում:

500 կենսունակ լեզուներից ընդամենը 119-ն է պետական լեզու: Առաջին տեղում ֆրանսերենն է (պետական լեզու է 27 երկրում): 23 երկրում պետական լեզու է արաբերենը, 20 երկրում՝ անգլերենը, 19-ում՝ իսպաներենը: Հայերենը ևս տասնյակի մեջ է մտնում, քանի որ պետական լեզու է երկու երկրում՝ Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Այս տեսակետից արևելահայերենն արևմտահայերենի նկատմամբ ունի որոշակի առավելություն, քանի որ պետական լեզվի կարգավիճակով է հանդես գալիս, ինչը հնարավորություն է տալիս նաև լեզվի բառապաշարի հարստացման առումով որոշակի հաջողություններ ունենալ»,- «Երկու երես» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:

Արևմտահայերենն այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «վտանգված լեզուների» շարքում է: Լեզուն գոյատևում է այն դեպքում, երբ գործածության լայն շրջանակներ, տարածվածություն ունի: Մինչդեռ, արևմտահայերենն այսօր շուրջ մեկ միլիոն մարդ է գործածում:

«Արևմտահայերենը՝ որպես գրական լեզու, պահպանվել է հիմնականում Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, Լիբանանում և հայկական այն գաղթօջախներում, որտեղ հայկական ստվար խումբ է եղել: Ցավոք, 1978 թվականի Լիբանանի քաղաքացիական պատերազմից հետո վտանգվեց արևմտահայերենի կարգավիճակն այդ երկրում. շատ լիբանանահայեր արտագաղթեցին այլ երկրներ: Այսօր էլ Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով է այնտեղի հայկական համայնքն արտագաղթում տարբեր երկրներ: Այդ ամենը, բնականաբար, իր բացասական ազդեցությունն է ունենում արևմտահայերենի կարգավիճակի վրա: Եթե մարդիկ արևմտահայերենը չօգտագործեն, այն դատապարտված է մահվան»,- նշեց Լավրենտի Միրզոյանը:

Լեզվաբանը համոզված է, որ միայն պետական լուրջ քաղաքականության դեպքում հնարավոր կլինի փրկել արևմտահայերենը:

Նա նկատեց նաև, որ նոր Սահմանադրության մեջ երեք հոդված նվիրված է մայրենի լեզվին: Դրանցից մեկում ասվում է, որ հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը գտնվում են պետության պաշտպանության և հոգածության ներքո. «Սա կոնկրետ քայլերի անցնելու իրական հնարավորություն է տալիս մեր պետությանը»,- ընդգծեց Միրզոյանը:

Լեզվաբանը, մասնավորապես, առաջարկում է անցկացնել համահայկական լեզվական քաղաքականությանը նվիրված համաժողով, որի շրջանակներում համապատասխան մասնագետները համակողմանիորեն կքննարկեն և´ արևմտահայերենի, և´ արևելահայերենի առջև ծառացած մարտահրավերները, ապա կմշակեն լեզուների փրկության ծրագիր:

«Իհարկե, սա ոչ միայն լեզվաբանների, այլև պետության, առհասարակ լեզվի հարցերով մտահոգ մարդկանց խնդիրն է»,- շեշտեց Լավրենտի Միրզոյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031