Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտենում ենք 37 թվի աքսորին». Հրանուշ Խառատյան

Հուլիս 28,2016 18:20

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հուլիսի 27-ին զանգվածային ապօրինի քաղաքացիների դեմ կատարված բռնարարքներից տուժած քաղաքացիներին նախևառաջ հորդորում է դիմումներ գրել ՀՔԾ իրենց ապօրինի տանելու վերաբերյալ:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը նա մանրամասնեց. «Հրապարակվել է նաև այն կազմը, ցանկն ու հեռախոսահամարները, որոնցով կարող են քաղաքացիները դիմել, որպեսզի իրավական աջակցություն ստանան»:

«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ իրավաբան Արա Ղազարյանն  էլ զգուշացրեց, որ երբ կանչում են հարցաքննության, քաղաքացիները առաջին իսկ հարցաքննությանը գնան միայն փաստաբանի հետ:

Անդրադարձ եղավ նաև Լևոն Բարսեղյանի դեմ ներկայացված մեղադրանքին: Արթուր Սաքունցն ասաց. «Ինձ համար առավել ցավալի է Լևոն Բարսեղյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, ձերբակալումը, շինծու գործը: Եթե այդպես է, ուրեմն մեզնից յուրաքանչյուրի դեմ քրեական գործ հարուցեք ու հետապնդեք, քանի որ մեզնից յուրաքանչյուրն էլ տանը հաց կտրելու դանակ ունի»:

Նույն հարցի կապակցությամբ Արա Ղազարյանն ասաց. «Այդ հոդվածը վիճահարույց է, Արտակ Զեյնալյանը մտածում է դրա սահմանադրականությունը վիճարկել: Սա իներցիայով ԽՍՀՄ-ից եկած մոտեցում է, որը չի համապատասխանում մեր ներկայիս ընկալումներին»:

Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ իրենց տվյալներով` հուլիսի 17-ից մինչ այժմ բերման ենթարկվածների թիվը անցնում է 400-ից. «Արտառոց բան է կատարվել, այդ ամենը չի փաստաթղթավորվել: Առանց փաստաթղթային ձևակերպման մարդկանց պահել են բաժանմունքում կամ զորամասում»:

Ըստ Արթուր Սաքունցի` իշխանությունը` հանձին պետական մարմինների, որոնք զբաղված են հանցագործությունների բացահայտմամբ, ունեն ընտրողական մոտեցում: Որպես ասվածի վկայություն նա շեշտեց այն, որ բժշկական օգնության դիմած 25 քաղաքացիների առողջական վիճակին վնաս հացնելու համար գոնե մեկ ոստիկան չի հայտնաբերվել, որի նկատմամբ մեղադրանք առաջադրվեր:

Իրավաբան Արա Ղազարյանը ներկայիս իրավիճակը նմանեցրեց 2002-2004-ին, երբ մասսայաբար վարչական կալանքներ էին կիրառվում. «Առանց խտրականության մարդկանց իրավունքի միջամտություն է նկատվում, մինչդեռ եվրոպական իրավունքն ասում է, որ պետք է անհատականացվի: Նույնիսկ անօրինական հավաքը, ըստ եվրոպական իրավունքի կարող է համարվել իրավաչափ, երբ չկա թույլտվություն, բայց քաղաքացին, եթե կանգնած է, իր բողոքն է արտահայտում, և անհրաժեշտության սկզբունքից ելնելով` կարող է համարվել իրավաչափ»:

Դառնալով միջազգային կառույցների լռությանը`պարոն Ղազարյանը դա բացատրեց նրանով, որ գուցե այդ կառույցները կատարվածը փոխկապակցում են ՊՊԾ գնդի վրա հարձակմամբ, անօրինական զենք-զինամթերք կրելով ու կիրառելով, ու սրանք գործոններ են, որոնք լիգիտիմությունից ի սկզբանե զրկված են:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը գերադասեց բերման-տարման ենթարկելը բնութագրել որպես առևանգում. «Ես սա համարում եմ պետական ահաբեկչություն, պետական ահաբեկչություն է նաև այն, որ ահաբեկել են Արայիկ Խանդոյանի մորը»:

Տիկին Խառատյանը ներկայիս իրավիճակը համեմատեց  37 թվականին Հայաստանից մարդկանց աքսորի հետ. «Այն ժամանակ շուրջ 5000 մարդկանց Հայաստանից աքսորեցին` առանց պատճառաբանության, առանց տեղեկացման, թե ուր են տանում և ինչի համար և ինչքան են մնալու աքսորում:  Փաստացի վարչական հրամանով աքսորում էին մարդկանց:Մենք հիմա մոտենում ենք դրան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031