Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող մարդիկ` ֆոտոցուցահանդեսի հերոսներ

Հուլիս 28,2016 18:12

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում «Ես աշխատում եմ» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսի բացմամբ եզրափակվեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավման զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագիրը (2012-2016): Ցուցահանդեսը կազմակերպել էր «Ունիսոն» հ/կ-ն:

cucahandes_3LIFE ծրագրի շրջանակներում աշխատանքի տեղավորված անձանց թիվը կազմում է շուրջ 740 հաշմանդամություն ունեցող անձ: Լուսանկարներում պատկերված էին ծրագրի շրջանակներում աշխատանք ձեռք բերած մարդիկ՝ աշխատանքի վայրերում:

cucahandes_2«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Ստեփանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրի շրջանակներում մի քանի տարբեր ուղղություններով են աշխատել. «Ուղղություններից մեկը կրթության մատչելիության խնդիրն է: Կարևորվում է միջին մասնագիտական հաստատությունների հետ աշխատանքի մոդելը, որտեղ ոչ միայն խոսում ենք շենքերի ֆիզիկական մատչելիության մասին, այլ նաև կառավարման մասին: Հաջորդը զբաղվածության խթանումն է, որ իրականացվում է կարճաժամկետ կրթության միջոցով` հնարավորություն տալով պատրաստվելու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Երրորդ կարևոր խնդիրը հասարակության ընկալման փոփոխումն է: Մենք կարող ենք ունենալ հարմարեցված աշխատավայր, հաշմանդամություն ունեցող անձինք, որ պատրաստ են աշխատաշուկայում աշխատելու, սակայն ամենակարևորը մեզ համար հասարակության գիտակցումը, ընկալումն ու կարևորումն է»:

Armen Alaverdyan«Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն էլ հավելեց, որ ֆոտոցուցահանդեսով ամփոփում է այն, ինչ արվել է այս 4 տարվա ընթացքում. «Մոտ 30 նկար կա ցուցադրված և դրանով ամփոփել 4 տարվա աշխատանքը՝ մի փոքր դժվար է, բայց կարծում եմ, խոսուն են լուսանկարները և այն թվերը, որ մենք ներկայացնում ենք: Սա աննախադեպ վիճակագրություն է: Մենք չպետք է շփոթենք դա ընդհանուր վիճակագրության հետ, որը ցույց է տալիս, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցողների 9 տոկոսն աշխատանք ունի: Նրանց մեծամասնությունը նրանք են, որ ուղղակի շարունակում են աշխատանքային գործունեությունը. լինելով ոչ հաշմանդամ, հետո ձեռք բերելով հաշմանդամություն` պարզապես չեն ազատվել աշխատանքից: Բայց դա նույնը չէ, ինչ հաշմանդամություն ունեցողին աշխատանքի ընդունելը, որը ոչ մի աշխատանքային փորձ չունի, բայց ունի մոտիվացիա, ունի հմտություններ, անցել է դասընթացներ, վերապատրաստվել է»:

cucahandes_5Պարոն Ալավերդյանի խոսքով` 740 հաշմանդամություն ունեցող մարդիկ աշխատում են տարբեր ոլորտներում` սկսած կարուձևից և խոհարարությունից, վերջացրած ծրագրավորմամբ և համակարգչային դիզայնով. «Մարդիկ աշխատում են հավասարը հավասարին սկզբունքով: Մենք հանրային իրազեկման միջոցներ ենք իրականացրել. հոլովակներ ենք պատրաստել, որ քարոզում են հակախտրականությունը: Շատերը դիմել են, և կան նրանք, որ մենք ենք տեղեկացրել կամ հորդորել գալ: Մարդ պետք է հասկանա, որ հաշմանդամությունը հիվանդություն չէ, ժամանակավոր երևույթ չէ, մշտական ֆունկցիոնալ խանգարում է, որին պետք է հարմարվել, հասկանալ, որ եթե վերականգնման միջոցները սպառվել են, պետք է աշխատել, ինքնակրթվել»:

cucahandes_4Լուսանկարների հեղինակներից մեկի՝ Մարիաննա Մելիքսեթյանի համար սա առաջին փորձը չէ, մինչ այս աշխատել է հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ. «Տարբերություն չկա բոլորովին՝ հաշմանդամություն ունեն, թե ոչ: Մենք պատահական, առանց զգուշացնելու գնում էինք իրենց աշխատանքի վայրեր և նկարում: Շատ ոգևորված են, որ վերջապես աշխատանք ունեն, շատ հեշտ էր նրանց հետ աշխատելը»: Նշենք, որ ֆոտոցուցահանդեսը կտևի մինչև հուլիսի 31-ը ներառյալ:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031