Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երբ ժողովուրդը եւ ազատամարտիկները հանդիպեն, զենքը եւ զինամթերքը չպետք է հայտնվեն կրիմինալի ձեռքում». Արմեն Մարտիրոսյան. (Տեսանյութ)

Հուլիս 28,2016 17:58

«Հույս ունեմ` սա վերջինը կլինի»,-երեկվա իր բերման ենթարկվելու փաստն այսպես է բնորոշում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Կուսակցության գրասենյակում այսօր կայացած մամուլի ասուլիսից հետո նա մի խումբ լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ոստիկանությունը կատարում է ապօրինի հրամաններ. «Զանգվածային անկարգություններ միշտ իրականացնում են իշխանությունները կամ նրանց կողմից ուղարկված մարդիկ: Եթե մի քանի երիտասարդներ տաքացած` տրվել են սադրանքներին, դա դեռ չի նշանակում, թե քաղաքացիներն իրենք են սադրիչ եւ անկարգություններ հրահրող»:

Մարտիրոսյանը նկարագրեց ոստիկանական զորամասը, որտեղ բերման էր ենթարկվել Դավիթ Սանասարյանի, Սարո Սարոյանի, Արմեն Մկրտչյանի եւ Եղիշե Պետրոսյանի հետ: «Լրիվ «կոնցլագեր» էր, ինչպես Լեւոն Բարսեղյանն է ասում: Ավտոմատներով, դիմակավորված անձանցով, շարքերով… մեր պատկերացրած համակենտրոնացման ճամբարի համեմատությամբ` բացակայում էին փշալարերը եւ շների հաչոցը: Տարան ֆիզկուլտուրայի դահլիճ, ապա դուրս, որովհետեւ տեղ էլ չկար, ապա տեղափոխեցին քննչական կոմիտե, բայց անգամ հարցաքննության նյութ չկար:

Անգամ չգիտեի` ինչու եմ բերման ենթարկվում: Որակավորվեց, որ զանգվածային անկարգությունների մասնակցելու կասկած կա: Բերման ենթարկվելու ժամանակահատվածում փաստաբանի ծառայություններից չեմ կարողացել օգտվել: Նրան թույլ չէին տվել, որովհետեւ զորամասում էինք: Որեւէ հարցի չեմ պատասխանել, որովհետեւ դրա համար պետք է առնչություն ունենաս դրան: Հստակ գիտես, որ քաղաքական գործունեությունդ սահմանափակելու համար են բերման ենթարկել»,-պատմեց Արմեն Մարտիրոսյանը:

Նա ասաց, որ նորմալ է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի` ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը, ինչ վերաբերում է այն ստորագրած պատգամավորներին, Մարտիրոսյանի խոսքով. «Կեղծված ընտրություններով պատգամավորներ են, որոնք անում են այն, ինչ հրահանգում է Բաղրամյան 26-ը»:

ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադառնալով` «Ժառանգության» փոխնախագահը նկատեց. «Հսկայական ծավալի զենք-զինամթերք կա այնտեղ: Քայլերն այնպես պետք է կառուցվեն, որ երբ ժողովուրդը եւ ազատամարտիկները իրար հանդիպեն, այդ զենքը եւ զինամթերքը վերահսկելի լինեն: Չի կարելի թույլ տալ, որ ժողովրդի հետ խառնված «կրիմինալի» ձեռքին այդքան ծավալի զենք հայտնվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031