«Արամ Հակոբյանին եւ Գագիկ Եղիազարյանին առեւանգել են»,-ասում են Անդրիաս Ղուկասյանն ու Եղիշե Պետրոսյանը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ըստ պաշտպան Լուսինե Սահակյանի` «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Հակոբյանը եւ Գագիկ Եղիազարյանը վնասվածքներ ունեն:
Ըստ ոստիկանության հաղորդագրության` նրանք հանձնվել են երեկ լուսադեմին, մինչդեռ ՊՊԾ գնդի շուրջ իրավիճակի առթիվ ստեղծված հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամների պնդմամբ` նրանք չեն հանձնվել:
«Ժառանգություն» կուսակցության գրասենյակում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ երաժիշտ Եղիշե Պետրոսյանը մասնավորապես ասաց. «Նրանք չեն հանձնվել, նրանք գողացվել են: Նրանց մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կան»:
Կարդացեք նաև
Անդրիաս Ղուկասյանն էլ նշեց. «Նրանք հայտնվեցին ոստիկանության ձեռքերում ոչ թե զինված գործողության ժամանակ, այլ որովհետեւ անհրաժեշտություն ունեին օգնություն ցուցաբերել վիրավորներին: Այդ գործողությունը կատարելու ժամանակ ոստիկանությունը նրանց ձերբակալեց»: Ղուկասյանի խոսքով` պաշտպան Լուսինե Սահակյանը պահանջել է դատաբժշկական փորձաքննություն իրականացնել:
«Կամ պետք է մտածենք, որ խոշտանգումներ են կատարել նրանց հանդեպ, կամ «զախվատի» ժամանակ ֆիզիկական վնասներ են պատճառել: Եթե այդպես է, դա հաստատում է այն փաստը, որ նրանք չեն հանձնվել»,-նկատեց Ղուկասյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ