Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր հանդիպել է իր պաշտպանյալ, ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ: Ենիգոմշյանը հիմա ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր պահման մեկուսարանում է:
Բաղդասարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ խախտվում են Ենիգոմշյանի իրավունքները. Մասնավորապես՝ խնդիրներ են ծագել նրա ապրելու տարրական պայմանների հետ: Ըստ փաստաբանի, քանի որ Ալեք Ենիգոմշյանը հաշմանդամություն ունի, նա չի տեսնում եւ մի ձեռքը անդամահատված է, ԱԱԾ ժամանակավոր պահման մեկուսարանում չկան նրա ապրելու համար համապատասխան պայմաններ, նրա նորմալ կենսամակարդակն ապահովելու պայմաններ:
«Ենիգոմշյանը չի կարող ստանալ այն փաստաթղթերը, որոնք բրայլյան այբուբենով կլինեն, որով նա կկարողանա պաշտպանել իր իրավունքները: Այսինքն, այդ փաստաթղթերը պետք է բրայլյան այբուբենով լինեն, որպեսզի նա կարողանա կարդալ դրանք»,-ասաց Բաղդասարյանը: Այս խնդրի հետ կապված, ինչպես ասաց փաստաբանը, հանդիպել է մարդու իրավունքների պաշտպանին եւ խնդրել, որ ՄԻՊ գրասենյակից գնան եւ արձանագրեն այդ ամենը:
Կարդացեք նաև
Թե քրեական օրենսգրքի որ հոդվածով են մեղադրանք առաջադրել Ենիգոմշյանին՝ մեր այս հարցին, փաստաբանն ասաց, որ նախաքննական որոշ գաղտնիքներ կան, եւ որպեսզի պահպանվի օրենքի տառը, հոդվածի եւ փաստերի վերաբերյալ տեղեկություն առայժմ չի կարող տալ. «Բայց ես չեմ համարում, որ դա գաղտնիք է, ուղղակի ես որպես փաստաբան օրենքի տառը պետք է պահպանեմ»: Ենիգոմշյանը կասկածվում է պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Ենիգոմշյանի հետ այսօրվա հանդիպումից մանրամասներ չի կարող ասել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հ. Գ. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի՝ Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանի ձերբակալման փաստի առնչությամբ «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ. «Բերման ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից: Հաշվի առնելով վերջինիս հաշմանդամությունը, նրա իրավունքների ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի համապատասխան մասնագետ՝ տիֆլո-մանկավարժ»։