«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանին եւ Գագիկ Եղիազարյանին (լուսանկարում) դեռ մեղադրանք չի առաջադրվել: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրանց շահերի պաշտպան Լուսինե Հակոբյանը:
Հիշեցնենք, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, նրանք երեկ լուսադեմին հանձնվել են ոստիկաններին, այն բանից հետո, երբ ՊՊԾ տարածքում տեղի էր ունեցել փոխհրաձգություն: Փոխհրաձգության արդյունքում «Սասնա ծռերի» անդամներ Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը, վիրավորվել էին: Վիրավորում էր ստացել նաեւ մեկ ոստիկան:
Արամ Հակոբյանն ու Գագիկ Եղիազարյանը բերման են եթարկվել: Նրանք դեռեւս կասկածյալի կարգավիճակում են: Նկատենք, որ ամենաուշը վաղը նրանց արդեն պետք է մեղադրանք առաջադրվի, քանի որ 72 ժամից ավել ոչ հստակ կարգավիճակով, ոստիկանությունն իրավունք չունի նրանց պահել:
Պաշտպանն ահազանգում է`Արամ Հակոբյանն եւ Գագիկ Եղիազարյանը վնասվածքներ ունեն: Նա բացատրություն չունի` եթե իր պաշտպանյալները հանձնվել են, ինչպե՞ս են հաջողել վնասվածքներ ձեռք բերել:
Կարդացեք նաև
Արամ Հակոբյանի մոտ առկա էր քթի կարմրություն, ուռածություն, ճակատին եւ արմունկներին քերծվածքներ, ցավեր ունի մեջքի շրջանում: Իսկ Գագիկ Եղիազարյանը պարանոցի շրջանում քերծվածքներ ունի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ